ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները եւ Հայաստանի ազգային գրադարանի ղեկավարությունն այսօր՝ ապրիլի 23-ին, հանդիսավոր կերպով բացել են ՄԱԿ-ի ավանդապահ գրադարանի նոր վերանորոգված սրահը, որը գտնվում է Հայաստանի ազգային գրադարանում (ՀԱԳ):

Միջոցառումը նվիրված է «Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք 2012» մեկամյա ծրագրի ավարտին ու Գրքի եւ Հեղինակային իրավունքի համաշխարհային օրվան:

ՄԱԿ-ի ավանդապահ գրադարաններ հիմնվել են բազմաթիվ երկրներում, եւ դրանց նպատակն է հանրությանն ապահովել ՄԱԿ-ի գործունեության, աշխարհում կատարվող իրադարձությունների ու ՄԱԿ-ի անդամ երկրների վերաբերյալ տեղեկատվությամբ:

ՀԱԳ ՄԱԿ-ի ավանդապահ գրադարանի հիմնական ֆոնդն ունի տասը հազար միավոր գրքեր, հանդեսներ, պաստառներ եւ ՄԱԿ-ին վերաբերող այլ նյութեր: Դրանք հիմնականում անգլերեն, ռուսերեն եւ հայերեն լեզուներով են: Ֆոնդը մշտապես լրացվում է ՄԱԿ-ի Կենտրոնական գրասենյակից ու ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունից ստացվող գրականությամբ:

ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության հայաստանյան ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն ասել է. «ՄԱԿ-ը ուրախ է աջակցելու հայերի եւ գրադարանի ղեկավարության նվիրվածությանն ու խանդավառությանը՝ ուղղված ՄԱԿ-ի արժեքների եւ հրատարակությունների տարածմանը հայերի շրջանում: Շնորհիվ նրանց ջանքերին՝ հազարավոր գիտնականներ, լրագրողներ, ուսանողներ եւ այլք այժմ հնարավորություն ունեն օգտվելու ՄԱԿ-ի վերաբերյալ նյութերից եւ տեղեկատվությունից: Ես համոզված եմ, որ այս նոր, ավելի մեծ եւ վառ սրահում ՄԱԿ-ի ավանդապահ գրադարանը կծառայի իր առաջնային նպատակին՝ օգնել հայերին իմանալ ավելին ՄԱԿ-ի մասին, որտեղ մենք ծրագրում ենք իրականացնել ՄԱԿ-ի վերաբերյալ քննարկումներ», ավելացրեց նա:

«Մեր համագործակցությունը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ շատ արդյունավետ է: Մենք համոզված ենք, որ ՄԱԿ-ի ավանդապահ գրադարանի նոր սրահը լրացուցիչ ազդակ կհանդիսանա՝ բարձրացնելու իրազեկումը ՄԱԿ-ի մասին: Մենք ակնկալում ենք շարունակել համագործակցությունը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ»,- ասաց ՀԱԳ-ի տնօրեն Դավիթ Սարգսյանը:

Միջոցառմանը մասնակցեցին ՄԱԿ-ի անկյունների, գրադարանների, քաղաքացիական հասարակության ակտիվիստներ, ուսանողներ, ինչպես նաեւ մամուլի ներկայացուցիչներ եւ  իմացան ավելին ՄԱԿ-ի մասին ՄԱԿ-ի հրատարակությունների միջոցով, որոնք եւս ցուցադրվել էին գրադարանի ընթերցասրահում:

Հայաստանի ազգային գրադարանում է տեղակայված ՄԱԿ-ի ավանդապահ գրադարաններից մեկը: Հայաստանի ազգային գրադարանի ավանդապահ գրադարանը հիմնվել է 1997 թվականին, իսկ առաջինը հիմնվել է Հայաստանի պետական համալսարանում 1995-ին: Երկու գրադարաններն էլ ստեղծվել են ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության օգնությամբ: