Հայոց ցեղասպանության ուսումնասիրություններն ապացուցել են, որ իրավունքների եւ փոխհատուցման վերաբերյալ երեք մակարդակ գոյություն ունի եւ դրանցից մեկը տարածքային իրավունքն է: Այս մասին այսօր` ապրիլի 23-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

«Թուրքայի եւ Հայաստանի միջեւ ներկայիս սահմանը որպես իրավական սահման մենք չենք ճանաչում: Իրավական տեսանկյունից մեզ համար ընդունելի է Վուդրո Վիլսոնի` 1920 թվականի նոյեմբերի 23-ին գծած սահմանը»,- նշել է Կիրո Մանոյանը` ընդգծելով, որ հայկական կողմը կամ պետք է հրաժարվի հայ-թուրքական արձանագրություններից, կամ էլ վավերացնի դրանք բոլոր նախապայմաններով, որոնց մասին հայտարարել են երկրի նախագահն ու Սահմանադրական դատարանը:

Կիրո Մանոյանի խոսքով` իրավունքների եւ փոխհատուցման երկրորդ մակարդակը` դա ազգային ունեցվածքի հարցն է` մասնավորապես հայկական եկեղեցիների հարցը: «Ընդ որում այդ կարողությունն ընդգրկում է ոչ միայն եկեղեցիները: Անհրաժեշտ է հնարավորինս արագ բարձրացնել այդ ունեցվածքի հանդեպ իրավական առումով հիմնավորված իրավունքների հարցը»,- պարզաբանել է Հայ դատ գրասենյակի ղեկավարը:

Նա նշել է, որ պահանջների երրորդ մակարդակը հադիսանում է անձնական փոխհատուցման հարցը, սակայն այդ դեպքում էականն այն է, որ անձնական փոխհատուցումների վերաբերյալ հարցերը ոչ մի կերպ չպետք է խոչնդոտեն ազգային փոխհատուցումների եւ իրավունքների հարցերին: