«Առաքելություն» կուսակցությունը խստորեն դատապարտում է ապրիլի 22-ին Երեւանի Աջափնյակ վարչական շրջանում Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների հանդեպ նախընտրական քարոզարշավի ընթացքում կիրառված բռնությունը: Այդ մասին ապրիլի 23-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է Երեւանի ավագանու ընտրություններին «Առաքելություն» կուսակցության ցուցակը գլխավորող Մեսրոպ Առաքելյանը: Նա կոչ է արել իշխող Հանրապետական կուսակցությանը հայտարարություններ տարածելու փոխարեն վերահսկել իր տեղական կառույցների գործունեությունը:
Իր կուսակցության նախընտրական ծրագրի առաջնային կետերին անդրադառնալով`հատկապես համատիրությանը վերաբերող համակարգին, Մեսրոպ Առաքելյանը նշել է. «Բնակչությունը փող է վճարում, բայց անտեղյակ է մնում, թե ինչ նպատակներով է ծախսվում այն: Այդ կետի վերաբերյալ արդեն կան դրական արձագանքներ»:




























