Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կհեշտացնի հայ ժողովրդի իրավունքների վերականգնման գործընթացը, սակայն դա գլխավոր նախապայման չի հանդիսանում: Այս մասին այսօր` ապրիլի 23-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
Նրա խոսքով` այստեղ խոսքը ոչ միայն փոխհատուցման, այլ նաեւ իրավունքների վերականգնման մասին է: «Եթե ամեն ինչ սահամանափակվի միայն 1948 թվականին ընդունված Ցեղասպանության վերաբերյալ կոնվենցիայով, ապա դա կնշանակի, որ մինչեւ դրա ընդունումը մենք ոչ մի իրավունք չենք ունեցել, սակայն, բարեբախտաբար, դա այդպես չէ»,- ընդգծել է Կիրո Մանոյանը` ավելացնելով, որ թեեւ Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը որոշ գործընթացներ կհեշտացնի, բայց, անհրաժեշտ է այդպիսի քայլ թուրքական կողմից չակնկալելով` արդեն բարձրացնել փոխհատուցման եւ իրավունքների վերականգնման վերաբերյալ հարցերը:




























