Երեւանը պետք է հարազատ քաղաք դառնա յուրաքանչյուր երեւանցու համար: Այդ մասին հայտարարել է Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ ցուցակը գլխավորող, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ելույթ ունենալով Նոր-Նորքի բնակիչների առջեւ` նա հայտարարել է քաղաքի բարեկարգման համատեղ ջանքերի կարեւորության մասին: «Շատ բան կախված է քաղաքային ծառայություններից: Անցած տարիներին մենք շատ ջանքեր ենք գործադրել նրանց աշխատանքի կատարելագործման ուղղությամբ: Ցավոք, ամեն ինչ չէ, որ կարողացել ենք լուծել, սակայն մի շարք թերացումներ հաջողվել է վերացնել: Եւ դրա վրա կանգ առնել չենք պատրաստվում»,- ասել է Տարոն Մարգարյանը եւ հավելել, որ ուրախալի է, որ բնակիչներն իրենք են միանում քաղաքի մասին հոգ տանելուն:
«Սեփական քաղաքի նկատմամբ սերը առանձնացնում է յուրաքանչյուր երեւանցու: Ես կուզենայի, որ մենք ջանքեր գործադրեինք, որ մեր մայրաքաղաքն ավելի լավը լիներ»,- ասել է Մարգարյանը:




























