Բելգորոդում ոստիկանները ճշտում են այն տեղեկությունը, թե ոստիկանները բավականաչափ աչալուրջ չեն հետեւել Սերգեյ Պոմազունին, ով 6 մարդ է գնդակահարել: Մասնավորապես, հրաձիգի հայրը պատմել է, որ որդին իրեն պատշաճ չի պահել, «ծնողների հանդեպ անհիմն ագրեսիա է տածել, նրանց մարմնական վնասվածքներ է հասցրել», սակայն ոստիկաններն այդ ամենի վրա ուշադրություն չեն դարձրել:

Քննչական կոմիտեի տեղեկատվության համաձայն` ծնողները երկու անգամ դիմել են իրավապահ մարմիններին, սակայն կանչված ոստիկանները ոչ մի միջոց չեն կիրառել Պոմազունի նկատմամբ: Եթե ոստիկանների անփութության մասին տեղեկությունները հաստատվեն, ապա իրավապահ մարմինների գործողություններին ճիշտ գնահատական կտրվի, հաղորդում է ՆՏՎ-ն:

Գողության եւ իշխանություններին դիմադրություն ցույց տալու համար 5 անգամ դատված 31-ամյա Սերգեյ Պոմազունը, անցյալ տարի է վերադարձել կալանավայրից: Լրատվամիջոցների հաղորդմամբ` 2012թ-ին տղամարդը հոգեբուժարանում բուժում է ստացել: Մայրը պնդում է, որ աղաչում էր մեկուսացնել որդուն վերջինիս ոչ համարժեք պահվածքի պատճառով, եւ եթե թաղային ոստիկանն ուշադրություն դարձներ նրա բառերին, սպանությունը հնարավոր կլիներ կանխարգելել:

Հիշեցնենք, ապրիլի 22-ին` կեսօրին Պոմազունը Բելգորոդի կենտրոնում մտել է «Օխոտա» խանութ եւ կրակ բացել` սպանելով երեք մարդու, հետո էլ արդեն փողոցում եւս երեք հոգու է սպանել` այդ թվում երկու աշակերտուհիների: Այժմ հրաձիգին փնտրում են ոչ միայն Բելգորոդում, այլեւ Ուկրաինայում եւ Մոսկվայում: Նրանք, ովքեր հանցագործին գտնելու տեղեկություն կտան, կպարգեւատրվեն 3 միլիոն ռուբլիով: Քաղաքում այսօր սուգ է հայտարարված, իսկ ողբերգության վայրը բառացիորեն շաղախված է ծաղիկներով: