ԵՄ ընդլյանման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն մայիսի 2-ին կայցելի Ադրբեջան։ Այս մասին հաղորդել է Բաքվում Եվրոպական պատվիրակության ղեկավար Ռոլան Կոբիան։ Նրա խոսքով՝ Ֆյուլեն ղեկավարության հետ Եվրամիություն-Ադրբեջան համագործակցության հարցերի լայն շրջանակ կքննարկի։
Ինչպես հաղորդում է 1news.az-ը, մարտի սկզբին եվրահանձնակատարը հայտարարել էր, որ աշնանը Լիտվայում կայանալիք «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովին առաջընթաց է ակնկալում Ադրբեջանի հետ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններում։ «Նոյեմբերին Վիլնյուսում մենք հույս ունենք համաձայնագիր ստորագրել Ուկրաինայի հետ, ինչպես նաեւ ավարտել բանակցությունները Վրաստանի, Մոլդովայի ու Հայաստանի հետ եւ Ադրբեջանի հետ մեր բանակցություններում մեկ քայլ առաջ գնալ», - ասել է նա։
Բաքվում Եվրոպական պատվիրակության ղեկավարը նաեւ հաղորդել է, որ հունիսին Ադրբեջան կայցելի էներգետիկայի գծով եվրահանձնակատար Գյունտեր Օտինգերը, ով կմասնակցի ամեն տարի Բաքվում տեղի ունեցող նավթային ցուցահանդեսին։




























