Մի վախեցեք, ձեզ հեռուստացույցով ցույց չեն տա. երեւանցիներին վախեցնողները ճիճու են: Այս մասին, այսօր` ապրիլի 23-ին, Երեւանի Նուբարաշեն թաղամասի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՆ  նախարարի պաշտոնակատար, Երեւանի ավագանու ընտրություններում ՕԵԿ քաղաքապետի թեկնածու Արմեն Երիցյանը՝ նկատելով, որ բնակիչները վախենում են տեսախցիկներից:

Նրա խոսքով՝ էրբունցիները միշտ առանձնացել են իրենց «դուխով»: «Ապարանցիները, ղարաբաղցիները, մարտունեցիները հպարտանում են իրենց ծագումով, իսկ երեւանցիները վախենում են»,-ասաց նա:

Բնակիչներից մեկն էլ հարցերի ժամանակ ասաց, որ 911 օգնության կարիքն ունեն` լույս չունեն, ջուր չունեն, աշխատանք չունեն, ինչին ի պատասխան Արմեն Երիցյանն արձագանքեց, որ այդ դեպքում դահլիճը պետք է լիքը լիներ եւ բնակիչներն իրենց դժգոհություններով հերթ չպիտի տային, այնինչ լռում են: Հարց տվող նուբարաշեցին նկատեց, որ լռում են, որովհետեւ վախի մթնոլորտ է տիրում, ինչին ՕԵԿ թեկնածուն էլ առաջարկեց խնդրի լուծումն սկսել վախի մթնոլորտը հաղթահարելուց:

Ի դեպ, Արմեն Երիցյանը նուբարաշենցիերի հետ հանդիպմանն արձանագրեց, որ նրանք տխուր են եւ իր ելույթն սկսեց բարի լուրով. «Վաղվանից եղանակները տաքանալու են»: