Հայաստանի նախագաի Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առթիվ:
Ուղերձում մասնավորապես, նշվում է.
«Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր մենք գլուխ ենք խոնարհում մեր անմեղ նահատակների հիշատակի առջեւ: Նահատակներ, որոնց մեծ մասը նույնիսկ շիրիմ չունեցավ: Տարածաշրջանի բնիկ եւ հնագույն ժողովուրդներից մեկը բնաջնջվեց իր տանը եւ բռնագաղթի ճանապարհին: Տարածաշրջանի բնիկ եւ հնագույն ժողովուրդներից մեկը 20-րդ դարի առաջին ցեղասպանության հետեւանքով կորցրեց հազարամյակների ընթացքում կուտակած հոգեւոր-մշակութային արժեքներ, որոնք, լինելով ազգային՝ հայկական, որպես արվեստի ստեղծագործություններ եւ քաղաքակրթական նվաճումներ՝ ունեին նաեւ համաշխարհային նշանակություն: Տարածաշրջանի բնիկ եւ հնագույն ժողովուրդներից մեկը ցեղասպանության հետեւանքով կորցրեց հազարամյակների ընթացքում կուտակած նյութական արժեքներ, որոնք յուրացվեցին թուրքական պետության եւ նրա բնակչության կողմից: Տարածաշրջանի բնիկ եւ հնագույն ժողովուրդներից մեկը ցեղասպանության հետեւանքով կորցրեց իր հայրենիքում ապրելու հնարավորությունը եւ իրավունքը: Սիրելի՛ հայրենակիցներ, Մեր պարտքն է գիտակցել, ինչպես նաեւ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ ցեղասպանության ժխտումը նույն հանցագործության ուղղակի շարունակությունն է, եւ այդ հանցագործությունը ժամանակակից Թուրքիայում շարունակվում է: Ոմանք մեզ առաջարկում են «100 տարի առաջվա հին վերքերը չփորփրել, այլ նայել առաջ»: Մեր պատասխանը նման հորդորներին հետեւյալն է՝ Օրհան Փամուքին եւ Հրանտ Դինքին 100 տարի առաջ չեն դատել: Դատել են մեր աչքի առաջ: Թե՛ թուրքական, թե՛ հայ հասարակությունների համար այս խնդիրն արդիական է եւ հրատապ: Սիրելի՛ հայրենակիցներ, Յուրաքանչյուր ապրիլի 24 առիթ է նորոգելու մեր ուխտը՝ հավատարիմ լինել հայոց պետականությանը, որի գոյությունն արդեն բացառում է եւ բացառելու է հայերի ցեղասպանության կրկնությունը: Եվ մենք՝ որպես պետություն ու որպես ժողովուրդ, պայքարել եւ պայքարելու ենք աշխարհի որեւէ անկյունում մարդկության դեմ ուղղված ամենադաժան հանցագործության՝ ցեղասպանության բոլոր դրսեւորումների դեմ` ազգատյացության սերմանումից մինչեւ բնաջնջում, անտարբեր լռությունից մինչեւ ժխտում: Պայքարելու ենք համոզմունքով, քանի որ դա է մեզ պարտադրում վերապրած ժողովրդի մեր կարգավիճակը»:




























