Ապրիլի 23-ին, Մոսկվայի Գրողների միության տանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ոգեկոչման երեկո է տեղի ունեցել: Միջոցառումը տեղի է ունեցել «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության եւ Մոսկվայի հայ երիտասարդության միավորման նախաձեռնությամբ: Այդպիսով ռուս հասարակությունն իր հարգանքի տուրքն է մատուցել Օսմանյան Թուրքիայում ցեղասպանության զոհ դարձած 1,5 միլիոն անմեղ մարդկանց հիշատակին:
Միջոցառման պաշտոնական հատվածում ելույթով հանդես են եկել Ռուսաստանի պետական դումայի պատգամավորներ Օլեգ Կուլիկովը (Ռուսաստանի կոմկուս), Վադիմ Դենգինը (ՌԼԴԿ), «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը, Մոսկվայում ԼՂՀ ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը, հասարակական գործիչ Էդուարդ Ղուլյանը եւ Մոսկվայի հայ երիտասարդության միավորման ղեկավար Անդրանիկ Հովսեփյանը:
Նրանք ընդգծել են Ցեղասպանության թողած բացասական ազդեցությունը հայ ժողովրդի զարգացման վրա, շեշտել են մարդկության դեմ նման ոճրագործության կրկնումից խուսափելու անհրաժեշտությունը, ցեղասպանությունը ճանաչելու կարեւորությունը ցեղասպանություններին վերջ դնելու համար:




























