Այսօրվա խորհուրդն ապրելու մեջ է, քանի որ թեեւ 1915-ին Օսմանյան ոճրագործների ձեռքով մի ողջ ժողովուրդ գրեթե ոչնչացվեց, բայց դրանից հետո այդ ժողովուրդը վերածնվեց եւ ստեղծեց անկախ Հայաստան։ Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ Նա նշեց, որ խորհուդը նաեւ նրա մեջ է, որ ողջ առաջադեմ մարդկությունը պետք է գիտակցի, որ սա նաեւ իր ցավն է, իր ամոթն է, որ նման ոճրագործությունները չեն պատժվում եւ կան երկրներ, որոնք դեռ իրականացնում են ժխտողական քաղաքականություն։

«Բոլոր առաջադեմ երկրների պայքարը պետք է լինի ժխտողականության դեմ, ուրեմն պետք է կենտրոնանալ ոչ միայն 2015 թվականի վրա։ Սա շարունակական պայքար է, ոչ թե ընդդեմ, այլ հանուն մարդու իրավունքների, հանուն ոճրագործությունների չկրկնվելու: Իսկ այսօր տեսնելով Թուրքիայի քաղաքականությունը, ես լավատես չեմ, որ Էրդողանի, Գյուլի եւ նրանց քաղաքական վերնախավի մտածողության մեջ կարող է ինչ-որ բան փոխվել: Ես շատ կցանկանամ, որ թուրք պետական գործիչները օրինակ վերցնեն այն մտավորականններից, ովքեր ներողության շարժում ձեռնարկեցին, ովքեր կարողացան հաշտվել իրենց պարտության հետ եւ ասել, որ այո, եղել են նման մութ էջեր, եւ նրանք պատրաստ են ներողություն խնդրել։ Թուրքիան ուշ թե շուտ պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, դա ժամանակի հարց է, որովհետեւ սուտն ու կեղծիքը չեն կարող անվերջ ճշմարտության տեղ անցնել»,- ասաց նա։