Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի խոսքով՝ երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին իբր խոստովանել է իրեն, որ վրացական «Ռուստավի-2» հետուսաընկերությունը հենց իրեն է պատկանում: Այդ մասին Ստրասբուրգում ապրիլի 23-ին նշել է Իվանիշվիլին: Նախագահի աշխատակազմի ղեկավարը հերքել է այդ տեղեկությունը:
«Մեր երրորդ հանդիպման ժամանակ Սահակաշվիլին խոստովանել է ինձ, որ «Ռուստավի-2» հեռուստաընկերությունն իրեն է պատկանում: Ես էլ ասացի նրան, որ հրապարակայնորեն ընդունի այդ փաստը, նա էլ խոստացավ անել դա»,-լրագրողներին հայտնել է Իվանիշվիլին՝ Ստրասբուրգում ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ժամանակ իր ելույթից հետո:
Իր հերթին, նախագահի մամուլի քարտուղար Մանանա Մանջգալաձեն հերքել այդ տեղեկությունը, հայտարարելով, որ այն չի համապատասխանում իրականությանը: Նրա խոսքով՝ «վարչապետի եւ նախագահի միջեւ նման խոսակցություն չի եղել», հայտնում է «Նովոստի Գրուզիան»:
Նշենք նաեւ, որ «Ռուստավի-2» հեռուստաընկերության ինֆորմացիոն քաղաքականությունը միշտ էլ Միխայիլ Սահակաշվիլիի շահերից է բխել` առանձնանալով իր հակառուսական երանգով:




























