Այսօր կարեւոր օր է աշխարհի բոլոր հայերի համար: Այդ մասին ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում հայտարարել է հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն:
Դիվանագետը հիշեցրել է, որ Ֆրանսիան վաղուց է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Ապրիլի 24-ը կարեւոր օր է նաեւ Ֆրանսիայում ապրող հայերի համար: Փարիզի, Մարսելի, ողջ Պրովանսի հայերն այդ օրն անցկացնում են Ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներում»,- ասել է Ռենոն:
Հիշեցնենք նաեւ, որ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվել է բազմաթիվ երկրների կողմից: Առաջինը 1965 թվականին դա արել է Ուրուգվայը, որի օրինակին հետեւել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Ուելսը, Շոտլանդիան, Իռլանդիան, Ավստրալիան եւ ԱՄՆ 42 նահանգներ: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաեւ Վատիկանը, Եվրախորհրդարանը եւ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:




























