ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 1,5 մլն հայերի կոտորածները համարում է 20-րդ դարի ամենաողբերգական իրադարձություններից մեկը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, լրագրողներին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում:

«Օբաման հստակ դիրքորոշում ունի այս հարցում: Նա 1,5 մլն հայերի կոտորածները համարում է 20-րդ դարի ամենաողբերգական իրադարձություններից մեկը»,-լրագրողներին ասել է դեսպանը՝ հավելելով, որ այստեղ է եկել կնոջ հետ, որպեսզի հարգի անմեղ զոհերի հիշատակը:

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին ողջ աշխարհի հայերը եւ առաջադեմ մարդկությունը նշում է Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցը:

Հիշեցնենք նաեւ, որ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվել է բազմաթիվ երկրների կողմից: Առաջինը 1965 թվականին դա արել է Ուրուգվայը, որի օրինակին հետեւել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Ուելսը, Շոտլանդիան, Իռլանդիան, Ավստրալիան եւ ԱՄՆ 42 նահանգներ: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաեւ Վատիկանը, Եվրախորհրդարանը եւ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:

Լուսանկերներն՝ ԱՄՆ դեսպանատան Facebook-ի էջից