Գյումրիում հնչած կրակոցների հետեւանքով Գյուլբենկյանի անվան վիրաբուժության կենտրոն տեղափոխված Հարություն Խաչատրյանի («Քավոր Հարութ») վիճակը միջին ծանրության է եւ նա արդեն  վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է պալատ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գյումրիի բժշկական կենտրոնի վիրաբույժ, վիրահատող բժիշկ Խաչատուր Կարապետյանը եւ ավելացրեց, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Խ. Կարապետյանը նշեց, որ Հարություն Խաչատրյանը կրակոցից հետո վիրավոր վիճակում գնդակն անձամբ է  հանել իր լեզվի արմատի միջից: «Հարություն Խաչատրյանի պատմելով հենց դեպքի վայրում նկատելով, որ ինչ-որ բան անհանգստացնում է, լեզվով խաղացել, խաղացել է եւ գնդակը դուրս է թքել: Վիրահատության ընթացքում էլ ծնոտի մասից մետաղի կտոր հանեցինք եւ արձանագրությամբ հանձնեցինք իրավապահ մարմիններին: Նրան ենթարկել ենք ե’ւ ոսկրային, ե’ւ դիմածնոտային վիրահատության, քանի որ գնդակը, որը մտել էր Հարությունի բազկից, պտտվել է մարմնի մեջ, դուրս չի եկել, այն բարձրացել է ուսագոտով ծնոտ եւ վնասելով ատամնաշարը, լնդերն ու ծնոտը, հանգրվանել է լեզվի արմատում»,- մանրամասնեց Խաչատուր Կարապետյանը:

Հարություն Խաչատրյանը դեռ չգիտի, որ Արտյոմ Կարապետյանը` «Շեկոն» մահացել է: Բժիշկ Կարապետյանն անձամբ է զգուշացրել, որ նրան դեռ այդ լուրը չհայտնեն: Իսկ Հարություն Խաչատրյանը դեպքից մանրամասներ չի հայտնել: Երեկ Հարություն Խաչատրյանի վիճակը թույլ չի տվել հարցաքննութան ենթարկվել, բայց այսօր քննիչներն այցելել են նրան:

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին, Ժամը 13.00-ի սահմաններում, Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը («Քավոր Հարութ») եւ Արտյոմ Կարապետյանը («Շեկո»): Վերջինս հիվանդանոցում մահացել է: Փաստի առթիվ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի հատկանիշներով: Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումներ հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը պարզելու եւ նրանց հայտնաբերելու ուղղությամբ: Նշանակվել են փորձաքննություններ:

Գործի շրջանակներում ձերբակալվել է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդի Կոլյա Ղուկասյանը, իսկ այսօր բերման է ենթարկվել նրա մյուս եբորորդին՝ Վահե Ղուկասյանը: Երեկ խուզարկություններ են կատարվել նախկին քաղաքապետի հարազատների բնակարաններում: Բերման  ենթարկվել շուրջ 20 մարդ:

Նշենք, որ «Քավոր Հարութը» եւ «Շեկոն» նախկինում խնդիրներ են ունեցել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հարազատների հետ:Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մասնավորապես, գյումրեցիների շրջանում տարածված խոսակցությունների համաձայն` փետրվարի 10-ին Վարդան Ղուկասյանի եղբորորդի Նիկոլայ Ղուկասյանին գլխին երկաթե ձողով հարվածել է հենց «Քավոր Հարութի» որդին: Իսկ «Քավոր Հարութի» ընտանիքը մոտ հարաբերությունների մեջ է ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հետ: Մասնավորապես «Քավոր Հարութը» տարիներ առաջ սպանված քրեական հեղինակություն «Ավտոկայանի Սերոբի» քավորն է եղել: Իսկ «Ավտոկայանի Սերոբը» ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հորեղբայրն է: Ասում են, որ «Քավոր Հարութը» շատ հայտնի է Գյումրիում:

Վարդան Ղուկասյանը NEWS.am-ին հայտնել էր, որ «դա փողոցային խոսակցություն է»: