Սիրիայի ուղղափառ լիգան, այսօր՝ ապրիլի 24-ին, հերքել է Սիրիայում առեւանգված ուղղափառ եպիսկոպոսների ազատ արձակման մասին լուրերը: Ավելի շուտ Անտիոքի հույն ուղղափառ եկեղեցին նույնպես հերքել էր տվյալ տեղեկությունը:
Պատրիարքների ազատ արձակման մասին ապրիլի 23-ին հայտնել է «Զենիտ» կաթոլիկ գործակալությունը:
Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի էր դարձել Սիրիա-Թուրքիա սահմանին երկու քրիստոնյա եպիսկոպոսների առեւանգման մասին: Նրանցից մեկը Սիրիայի ուղղափառ եկեղեցու Հալեպի թեմի առաջնորդ Գրիգորի Իբրահիմն էր, իսկ մյուսը` այդ նույն քաղաքի հույն ուղղափառ եկեղեցու եպիսկոպոս Պավել Յազիգին:
Հալեպի սիրիական ուղղափառ եկեղեցում հայտնել են, որ Սիրիայում քրիստոնյա եպիսկոպոսներին առեւանգողները Չեչնիայից են եղել:
Ինչպես հայտնում է «Vesti.ru»-ն, Սիրիայի՝ կրոնական հանգանակությունների հարցերի նախարարությունը հաստատել է, որ իր տեղեկությունների համաձայն` եպիսկոպոսներին առեւանգողներն իսկապես Չեչնիանից են եղել եւ «Ալ-Կաիդա»-ի հետ կապված «Ֆրոնտ ան-Նուսրա» ընդդիմադիր ծայրահեղական խմբավորման շարքերում են կռվում:




























