Ապրիլի 24-ն ամեն օր պետք է մեր օրակարգում լինի, մենք պետք է շնորհակալ լինենք 1,5-2 միլիոն լուավոր հայերին, ովքեր մեզ ցույց տվեցին ինքնությունը, տեսակը պահելու ճանապարհը, դրա համար էլ մենք Հայաստանում ենք եւ ամեն օր ասում ենք՝ բարի լույս Հայաստան։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելության ժամանակ ասաց երգիչ Արսեն Գրիգորյանը՝ Մրոն։
Նա իր որդու հետ էր եկել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ «Մենք բավարարված կլինենք, երբ Հայոց ցեղասպանությունն ընդունվի ամբողջ աշխարհի կողմից եւ յուրաքանչյուր հայ ամեն առիթն օգտագործում է Ցեղասպանության ճանաչման համար։ Մենք ոչ միայն ուզում ենք, որ Ցեղասպանությունը ճանաչվի, նաեւ ամբողջ աշխարհին ուզում ենք հասկացնել, որ Հայոց ցեղասպանությունը մարդկության դեմ ուղղված հանցագործություն է, եւ դա չպետք է կրկնվի, իսկ չկրկնվելու համար յուրաքանչյուր ոճրագարծություն պիտի պատժվի»,- ասաց երգիչը։
Ցեղասպանության փաստը ճանաչել են աշխարհի շատ պետություններ: Այն առաջինը ճանաչել է Ուրուգվայը` 1965թ-ին, որի օրինակին հետեւել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեյցարիան, Շվեդիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ 42 նահանգներ: Ցեղասպանությունը ճանաչել են նաեւ Վատիկանը, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային միությունը:




























