Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմամբ Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացը, լավագույն դեպքում, կասեցվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը: Նա միաժամանակ չի կարծում, որ Ցեղասպանության ճանաչմամբ հողերի հետ հանձման պարտավորություն ի հայտ կգա:

«Կասեն խնդրեմ, ազատագրված տարածքները լիովին դատարկ են, Հայաստանի սահմանամերձ գյուղերն ու շրջանները դատարկվում են, տարեկան առնվազն 50-60 հազար մարդ է լքում Հայաստանի Հանրապետությունը, Դուք տարածքը վերցում եք, ի՞նչ անեք»,- ասաց Գագիկ Ջահանգիրյանը: 

Երեւանի քաղաքապետի ՀԱԿ թեկնածու Վահագն Խաչատրյանն էլ ավելացրեց, որ պետք է միշտ դիրքերում լինել եւ հասկանալ, որ երբեւէ Ցեղասպանության ճանաչել կամ չճանաչելու հարցը, որեւէ միջազգային ատյանում կամ ցանկացած միջպետական բանակցությունների ժամանակ քննարկման առարկա չի կարող դառնալ: «Խոսքը վերաբերում է նաեւ հայ-թուրքական բանակցություններին, որ չի կարելի Ցեղասպանության ճանաչման հարցն ընդհանրապես քննարկման առարկա դարձնել: Այս առումով, ես գտնում եմ, որ իշխանությունն անելիքներ ունի»,- ընդգծեց Վահագն Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ պետք է ամեն ինչ անենք, որ մեր կողմից մի այնպիսի իրավիճակ լինի, որ իրենք` Թուրքիայի իշխանությունները, ճանաչելը գտնեն ավելի ճիշտ եւ արդարացի, ինչը կբարձրացնի նաեւ նրանց հեղինակությունը:

Նշենք, որ Ցեղասպանության փաստը ճանաչել են մի շարք պետություններ: Այն առաջինը ճանաչել է Ուրուգվայը` 1965թ-ին,  որի օրինակին հետեւել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեյցարիան, Շվեդիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ 42 նահանգներ:  Ցեղասպանությունը ճանաչել են նաեւ Վատիկանը, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային միությունը: