Մենք մեր պարտքը որոշակիորեն հատուցած կլինենք, երբ հասնենք նրան, որ միջազգային ողջ հանրությունն, ի վերջո, ընդունի ու ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Սյս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ցեղասպանության զոհերի հուշահամալիրում, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը։

Նա ընդգծեց, որ այն գերտերությունները, որոնք չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունն իրենց մանր խնդիրների ու շահերի համար, պետք է հասկանան, որ եթե ոճրագործությունը չի պատժվում, ապա ցանկացած անպատժելիություն նորանոր ոճրագործությունների հիմք կարող է դառնալ: «Մեզ համար կարեւոր է, որ Թուրքիան ունենա այնքան համարձակություն՝ ընդունելու ու ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Մենք պետք է ի վերջո դնենք հատուցման խնդիրը: Գերմանիան, երբ որ ընդունեց հրեաների Հոլոքոստը, դրանից չթուլացավ, հակառակը՝ ավելի ուժեղացավ: Թուրքիան համարձակություն չունի բաց աչքերով նայելու ճշմարտությանը»,-ասաց նա:

Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց, որ մեր բոլորի նպատակը պետք է լինի այն, որ Թուրքիան ճանաչի անմեղ զոհերի ցեղասպանությունը եւ դրվի հատուցման խնդիրը:

Պատգամավորը նաեւ ասաց, որ Ծիծեռնակաբերդի բարձունքին հասնելու ճանապարհին տեսել է մի քանի թուրք մտավորականների, որոնք իրենց հարգանքի տուրքն էին մատուցում իրենց հայրերի ու պապերի կողմից իրականացված ցեղասպանության հետեւանքով զոհված 1,5 միլիոն մարդկանց հիշատակին:

«Երբ որ թուրք մտավորականներից որոշների հետ խոսեցի, ասեցին, որ այստեղ են եկել հոգու պարտքով եւ ներողություն են խնդրում պապերի փոխարեն, Օսմանյան Թուրքիայի կատարած ոճրագործության համար: Իսկ մենք պետք է պահպանենք մեր հիշողությունը, բայց միայն հիշողությունը պահպանելով, այստեղ գալով, ծաղիկ դնելով, գլուխ խոնարհելով մեր պարտքը ամբողջությամբ չենք կարող հատուցել: