Ոստիկանությունը քրգործ է հարուցել Աջափնյակ վարչական շրջանում ՀԱԿ ակտիվիստների վրա կատարված հարձակման փաստով:

Ոստիկանության լրատվության վարչության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Ապրիլի 22-ին, ժամը 19.50-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն  «Հայ ազգային կոնգրես» կուսակցության  Աջափնյակ  համայնքի շտաբի պետից  ահազանգ է ստացվել, որ Նազարբեկյան թաղամասի 9 շենքի մոտ, քարոզչություն իրականացնելիս, հարձակվել են իրենց կուսակցության երիտասարդների վրա:

Մեկնած օպերատիվ խմբին ՀԱԿ կուսակցության Աջափնյակի տարածքային կառույցի անդամ, 1986 թ. ծնված  Ալեքսանդր  Հ.-ն   բանավոր հայտարարել է, որ նույն օրը, ժամը 19.30-ի սահմաններում, Նազարբեկյան թաղամասի թիվ 9 շենքի բակում, քարոզարշավ իրականացնելիս, անհայտ անձինք ծեծի են ենթարկել իրեն` խոչընդոտելով իր լիազորությունների իրականացմանը:

Ալեքսանդր  Հ.-ն հրաժարվել է հաղորդում տալուց եւ բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:

Հետաքննության ընթացքում պարզվել է, որ ապրիլի 22-ին, ժամը 19.30-ին, ՀԱԿ կուսակցության անդամները գտնվել են նշված շենքի բակում, նրանցից Ալեքսանդր Հ.-ի եւ 1995 թ. ծնված Իշխան  Մ.-ի միջեւ վիճաբանություն է սկսվել, որին  միջամտել է   1987 թ. ծնված Հովհաննես Գ.-ն:

Ապրիլի 23-ին, ժամը 20.00-ին, Իշխան  Մ.-ն բուժօգնության է դիմել հիվանդանոց:

Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի հատկանիշներով  հարուցվել է  քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն»: