Ցեղասպանության հարցում շեշտադրումների հստակ փոփոխություն է նկատվում: Այս մասին Facebook-ի իր էջում է գրել է ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը, ով իր խոհերն է ներկայացրել Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

Նա, մասնավորապես, գրել է.

«Ծիծեռնակաբերդից քիչ առաջ վերադարձա, ուր բարձրացել էի հարգանքի տուրք մատուցելու Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:

Այս անգամ այնտեղ բարձրանալիս մոտս մի քանի խոհեր էին միախառնվել:

Նախ, որ երկու տարի հետո արդեն կլրանա Մեծ եղեռնի 100-րդ տարելիցը: Հայ ժողովուրդը նույնիսկ նվազագույն հատուցումը դեռեւս չի ստացել՝ ոչ միայն Թուրքիայի, այլեւ առհասարակ մարդկության կողմից: Կասեի անգամ հակառակը՝ Թուրքիայի ժխտողականությունը, Հայաստանի շրջափակումը եւ միջազգային հանրության անտարբերությունը կարծեք թե 1915 թվականի իրադարձությունների շարունակությունը լինեն: 100-ը, ամեն պարագայում, խորհրդանշական թիվ է, բայց նաեւ բացարձակ հիշեցում է, որ Ցեղասպանության հիշողություններ ունեցող վերապրողներ արդեն չկան:

Երկրորդ մտորումս այն էր, որ այսօր Մեծ եղեռնի հուշարձան բարձրացող 100 հազարավոր մեր հայրենակիցների շարքում նաեւ Սիրիայի ողբերգությունից Հայաստանում ապաստան գտած մեր հայրենակիցներն են: Նրանք Ցեղասպանությունից մազապուրծ եղած, Սիրիայի անապատներում քայլած եւ Հալեպում ապաստան գտած վերապրողների այն սերունդն են, որը երկրորդ անգամ տեղահան է լինում մի հակամարտության արդյունքում, որի գլխավոր բորբոքողներից մեկը կրկին Թուրքիան է: Համենայնդեպս, նման ողբերգության պայմաններում ինչպիսի բախտավորություն է, երբ այդ մարդիկ անվտանգ գտնվում են իրենց հայրենիքում եւ այս օրն իրենց ցեղասպանված նախնիներին հարգանքի տուրք են մատուցում մայր հողի վրա:

Երրորդ մտորումս այն էր, որ 100-րդ տարելիցի նախաշեմին մեր եւ՛ քաղաքական, եւ՛ հոգեւոր, եւ՛ ընդհանրապես հասարակական մտածողության մեջ Ցեղասպանության եւ դրա հետեւանքների վերացման հարցում շեշտադրումների հստակ փոփոխություն է նկատվում: Իսկապես, արդեն ժամանակն է, նույնիսկ ուշացել ենք, որ Ցեղասպանության ճանաչումը պահելով մեր տեսադաշտում՝ մեր գլխավոր թիրախը դարձնենք դրա հետեւանքների վերացումը: Դա նշանակում է պահանջատեր լինել մեր իրավունքներին, նյութական, հոգեւոր, մտավոր եւ բարոյական կորուստներին:

Իհարկե, խնդիրը այսպիսի հարթության վրա դնելը հայ ժողովրդի կողմից նետված լրջագույն մարտահրավեր է: Սա չի կարող զուտ հայտարարությունների տիրույթում մնալ, այլ ենթադրում է այդ նպատակի հետեւողական եւ գործնական իրագործում:

Այս խնդրի լուծումը ենթադրում է երեք գլխավոր նախապայման.

1. Ուժեղ, միասնական, ժողովրդավար եւ արդար Հայաստան:

2. Կազմակերպված Սփյուռք, որը հավատում եւ վստահում է առաջին հերթին Հայաստան պետությանը, պատրաստ է համագործակցության եւ բոլոր հնարավոր ռեսուրսները ներդնելու:

3. Խնդրի քաղաքական, դիվանագիտական եւ իրավական այնպիսի ձեւակերպում, որը հնարավորություն կտա ապահովել միջազգային առավել լայն շրջանակների համակրանքն ու ներգրավվածությունը: