«Ինչպիսի՞ն պետք է լինի ոստիկանապետի գնահատականը ցանկացած հանցագործությանը՝ բացասական պետք է լինի: Այս պահին էլ Գյումրիում մի շարք միջոցառումներ են իրականացվում, ու ես կարծում եմ, որ հանցագործները հայտնաբերված են, իսկ հանցագործությունը բացահայտված է»,- ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում, անդրադառնալով երեկ Գյումրիում հնչած կրակոցներին, ասել է Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

Հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք այն փաստը, որ միջադեպը տեղի է ունեցել ոստիկանության բաժանմունքի հարեւանությամբ, Վլադիմիր Գասպարյանը պատասխանել է. «Ոստիկանական բաժանմունքը նշանակություն չունի, գյումրեցին, որ էդքան խոսում են պատվից ու ինքնասիրությունից, մի քիչ, սենց ասած, քիչ գողական մտածեն, այդտեղ ամեն ինչ կընկնի իրա տեղը»:

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին, Ժամը 13.00-ի սահմաններում, Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը («Քավոր Հարութ») եւ Արտյոմ Կարապետյանը («Շեկո»): Վերջինս հիվանդանոցում մահացել է:

Փաստի առթիվ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (Սպանությունը, որը կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) և 235 հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը): Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումներ հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը պարզելու եւ նրանց հայտնաբերելու ուղղությամբ: Նշանակվել են փորձաքննություններ:

Գործի շրջանակներում ձերբակալվել է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդի Կոլյա Ղուկասյանը, իսկ արդեն այսօր բերման է ենթարկվել, ապա ձերբակալվել նրա մյուս եղբորորդին՝ Վահե Ղուկասյանը: Երեկ խուզարկություններ են կատարվել նախկին քաղաքապետի հարազատների բնակարաններում: Բերման  ենթարկվել շուրջ 20 մարդ:

Նշենք, որ «Քավոր Հարութը» եւ «Շեկոն» նախկինում խնդիրներ են ունեցել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հարազատների հետ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մասնավորապես, գյումրեցիների շրջանում տարածված խոսակցությունների համաձայն` փետրվարի 10-ին Վարդան Ղուկասյանի եղբորորդի Նիկոլայ Ղուկասյանին գլխին երկաթե ձողով հարվածել է հենց «Քավոր Հարութի» որդին: Իսկ «Քավոր Հարութի» ընտանիքը մոտ հարաբերությունների մեջ է ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հետ: Մասնավորապես «Քավոր Հարութը» տարիներ առաջ սպանված քրեական հեղինակություն «Ավտոկայանի Սերոբի» քավորն է եղել: Իսկ «Ավտոկայանի Սերոբը» ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հորեղբայրն է: Ասում են, որ «Քավոր Հարութը» շատ հայտնի է Գյումրիում:

Վարդան Ղուկասյանը NEWS.am-ին հայտնել էր, որ «դա փողոցային խոսակցություն է»: