ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի հայտարարությունն իրականության հետ կապ չունի: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը:
Նշենք, որ օրերս Սամեդ Սեիդովն ադրբեջանական լրատվամիջոցներին հայտարարել էր, թե իբր Վեհաժողովի գարնանային նստաշրջանի ընթացքում ԵԽԽՎ Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի շրջանակներում կայանալու է Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպում:
Այս հայտարարությունը տարօրինակ էր այն պատճառով, որ հիշատակված ենթահանձնաժողովը վաղուց գոյություն չունի:
Այս առնչությամբ, Դավիթ Հարությունյանն ասել է հետեւյալը.
«Նախ եւ առաջ` Խորհրդարանական վեհաժողովի որեւէ ժամանակավոր հանձնաժողովում, առավել եւս` գոյություն չունեցող հանձնաժողովում, ոչ մի հանդիպում կամ խորհրդակցություն տեղի չի ունեցել: Եթե հարցին դիվանագիտորեն պատասխանեմ, պետք է նշեմ, որ պարոն Սեիդովի հայտարարություններն իրականության հետ առհասարակ ոչ մի կապ չունեն:
Իրականությունն այն է, որ Խորհրդարանական վեհաժողովի նախագահի հովանու ներքո հայկական եւ ադրբեջանական պատվիրակությունների ղեկավարների մի քանի խորհրդապահական հանդիպումներ են կազմակերպվել` քննարկելու համար պատվիրակությունների միջեւ համագործակցության եւ հաշտեցման ուղիները:
Այդ հանդիպումների ժամանակ կարեւորվել է պատվիրակությունների միջեւ հաշտեցման խթանմանն ուղղված իրական երկխոսություն սկսելու քաղաքական կամքն, ու կարեւորագույն համաձայնություններից մեկն այն էր, որ կողմերը պետք է պահպանեն բանակցությունների գաղտնիությունը:
Դժբախտաբար այս պարզ պարտավորությունը մեր ադրբեջանցի գործընկերոջ կողմից ոչ միայն չհարգվեց, այլեւ ճշմարտությունն աղավաղվեց եւ օգտագործվեց քարոզչական նպատակով»:




























