Ստացվել է McDonald`s-ի համբուրգերների «չփչանալու» հերթական ապացույցը: Փորձը, որ արել է ամերիկացի Դեւիդ Վիպպլը, թերեւս, ամենաերկարն է: Նա համբուրգերը պահել է 14 տարի: The New York Daily News-ի փոխանցմամբ, Յուտա նահանգի 60-ամյա բնակիչն ակամայից է սկսել իր փորձը: 1999թ. հուլիսի 7-ին նա գնել է McDonald`s-ի դասական փաթեթը, որ, իր խոսքով, պահի մեկ ամիս եւ ընկերներին ցույց տա, թե ինչ է կատարվում համբուրգերի հետ: Դրանից հետո համբուրգերը դրել է վերարկուի գրպանում, որը դադարել է կրել:
Համբուրգերը նա գտել է մեկ կամ երկու տարի անց` պարզելով, որ այն իր տեսքը չի փոխել: Վիպպլը կրկին շարունակել է իր փորձը, իսկ այս տարի պարզել է, որ համբուրգերի թուղթն ավելի շատ է կրում ժամանակի կնիքը, քան ուտելիքը: «Բորբոսի հետք անգամ չկա, ինչպես եւ տհաճ հոտ: Նեխել են միայն թթու վարունգները»,- արձանագրել է նա:
Դեւիդ Վիպպլն այժմ համբուրգերը ցույց է տալիս իր թոռներին, որ համոզի վերջիններիս` չգնալ McDonald`s:




























