Փողոցում փափուկ պաղպաղակի եւ ձմերուկի վաճառքը հակասում է «Սննդամթերքի անվտանգության մասին» օրինքին, NEWS.am-ին հայտնեցին Երեւանի քաղաքապետարանից:
Նշենք, որ մի քանի օր առաջ քաղաքապետարանի ներկայացուցւչների հետ այդ հարցով հանդիպել էին «Հայաստանի սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանն ու «Քաղաքացիական դիրքորոշում» ՀԿ-ի նախագահ Գեւորգ Դոստուրյանը: Նշվել էր, որ փափուկ պաղպաղակի եւ ձմերուկի վաճառքը ներկայացվել է որպես օրենսդրությանը հակասող:
Ինչպես նշեցին քաղաքապետարանից, «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի 5.1 հոդվածի համաձայն`սննդամթերքից փողոցում թույլատրվում է միայն պաղպաղակի եւ խմիչքի վաճառքը, ընդ որում, միան փաթեթավորված տեսքով (հետեւաբար, լցնովի փափուկ պաղպաղակի սարքերն ու տեղում լցվող սառը ըմպելիքներն այդ շարքից դուրս են գալիս): Առեւտրի սուբյեկտները պետք է ապահովեն անհրաժեշտ պայմաններ` ապրանքի տեսքն ու որակը պահպանելու համար:
Ինչ վերաբերում է ձմերուկին, ապա փողոցային վաճառքի դեպքում նրանք փոշու, շոգի եւ արտանետումների ազդեցությունն են կրում: Ելնելով դրանից` նման վաճառքը «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի, ինչպես նաեւ սանիտարական նորմերին համապատասխան իրականացնելը հնարավոր չէ, հայտնեցին քաղաքապետարանից:



























