Արմավիրի մարզի բնակիչ 23-ամյա Հովհաննես Հայրապետյանն ամուսնացել է անչափահաս աղջկա հետ, հղիացրել նրան եւ հայտնվել դատարանի առջեւ:

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 23-ամյա Հովհաննես Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. հունվարի 3-ից փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվելով Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակչուհի, ակնհայտ 16 տարին չլրացած Ս.Ք.-ի հետ, պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ, որի հետեւանքով վերջինս հղիացել է: Այսինքն` Հովհաննես Հայրապետյանին մեղսագրվում է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քր.օրի 141 հոդվածով (18 տարին լրացած անձի կողմից սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելն ակնհայտ 16 տարին չլրացած անձի հետ): Սույն հոդվածը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 100-200 պատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2  տարի ժամկետով:

Խափանման միջոց է ընտրվել է չհեռանալու ստորագրությունը: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: