Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին վրաերթի ենթարկվածը մեքենայից իջել էր բնական կարիքները հոգալու, երբ առջեւից եկող մեքենան չնկատելով նրան, հարվածել է: Այս մասին NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում պատմել են դեպքի ականատեսները, նշելով, որ վրաերթի մեջ մեղավոր են թե վրաերթ կատարած մեքենայի վարորդը եւ թե վրաերթի ենթարկվածը, ով, ըստ տեղեկությունների, եղել է ալկոհոլ օգտագործած վիճակում: Մինչդեռ ըստ վրաերթ կատարած վարորդի, մեղավորը առջեւից եկած մեքենան է եղել, ում լույսերը ստեղծել են վթարային իրավիճակ: Դեպքի վայրից վարորդը փախուստի չի դիմել, անձամբ զանգահարել է շտապօգնություն եւ ճանապարհային ոստիկանություն:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, ապրիլի 24-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռիի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին, Քոբեր գյուղի մոտ «ВАЗ 21-06» մակնիշի՝ 16 OS 516 համարանիշի ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամասի բնակիչ 1958 թվականին ծնված Սասուն Գալստյանին:
Վարորդը Նոյեմբերյան քաղաքի բնակիչ է, 1967 թվականին ծնված Անդրանիկ Գուլքանյանը: Վերջինս ինքն է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին: Նրան տեղափոխել են հիվանդանոց, բժիշկները տուժածի վիճակը գնահատում են ծանր:
Վթարի վայրում աշխատում են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ սպայական վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Վարդան Նարգիզյանի, հրամանատարի տեղակալ Մարտիկ Բալայանի եւ դասակի հրամանատար Սմբատ Նորիկյանի գլխավորությամբ:
Տեղում աշխատում է նաեւ նույն վաշտի հետաքննիչ Մխիթար Գիշյանը:
Լուսանկարները՝Էդվարդ Արզումանյանի




























