Լրագրողի նկատմամբ բռություն կատարող մարդիկ առաջնորդվում են փողոցային արժեքներով եւ քրեական կանոններով: Նման բովանդակությամբ հայտարարություն է տարածել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեսայանը:

Նրա հայտարարությունում ասվում է.

«Անհանգստությամբ եւ վրդովմունքով տեղեկացանք  լրագրող Հակոբ Կարապետյանի հետ կատարված միջադեպի մասին: Չնայած դեռեւս պաշտոնապես չեն բացահայտվել լրագրողի նկատմամբ բռնություն կիրառած անձինք, այդուհանդերձ վստահաբար կարելի է նշել, որ փողոցային արժեքներով եւ քրեական կանոններով առաջնորդվող անհատներին դժվար է բացատրել խոսքի ազատության բարձրագույն արժեքը, ինչպես նաեւ լրագրողի առաքելության վեհությունն ու կարեւորությունը: Նման մարդկանց ավելի մատչելի են «դատվել», «նստել», այսինքն՝ «պատժվել» հասկացությունները: Հետեւաբար նման հանցագործությունները կանխարգելելու միակ եղանակը իրավապահ մարմինների օպերատիվ խիստ եւ համաչափ արձագանքն է:

Իրավունք չունենք միջամտելու քննությանը, սակայն հետեւելու ենք դրա ընթացքին եւ օրենքով թույլատրելի եղանակներով եւ ժամանակ այս միջադեպին եւ դրա իրավական հետեւանքներին տալու ենք մեր համարժեք գնահատականը:

Մեր զորակցությունն ենք հայտնում լրագրող Հակոբ Կարապետյանին եւ iLur.am լրատվական կայքին»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Նոր Նորքի 9-րդ զանգվածում հարձակման է ենթարկվել iLur.am կայքի լրագրող Հակոբ Կարապետյանը, ով այնտեղ էր գտնվում Տարոն Մարգարյանի քարոզարշավը լուսաբանելու համար: Ըստ iLur.am-ի, մինչեւ Մարգարյանի ժամանելը լրագրողը փորձել է տեսանկարահանել, թե ինչպես են կազմակերպիչները «ԳԱԶել»-ներից փուչիկներ հանում եւ բաժանում, երբ նրան են մոտեցել անհայտ անձինք, սկզբում արգելել են տեսանկարահանել, քաշքշել են, իսկ երբ լրագրողը հրաժարվել է, ձեռքից խլել են տեսանկարահանող սարքը:

Որոշ ժամանակ անց վերջիններս վերադարձրել են նկարահանող սարքը, սակայն բոլոր տեսանյութերը ջնջելուց հետո:

Ըստ կայքի տվյալների՝ հարվածողը Երեւանի ավագանու ՀՀԿ-ական անդամ, ավագանու թեկնածու, «Տուրբո» մականունով հայտնի Աշոտ Պապայանն է:

Դեպքի առնչությամբ դատապարտող հայտարարություն է տարածել ՀԱԿ կուսակցությունը: