Գյումրիում հնչած կրակոցների հետեւանքով Գյուլբենկյանի անվան վիրաբուժության կենտրոն տեղափոխված Հարություն Խաչատրյանի («Քավոր Հարութ») վիճակը միջին ծանրության է, առկա է դրական դինամիկա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գյումրիի բժշկական կենտրոնի վիրաբույժ, վիրահատող բժիշկ Խաչատուր Կարապետյանը:

Թե երբ վերջինս դուրս կգրվի հիվանդանոցից, կախված է ապաքինման ընթացքից, եթե վերքը հարթ ընթացավ, ապա մոտավորապես 10 օրից դուրս կգրվի, բայց հրազենային վնասվածքը միշտ հակված է բարդությունների:

Բժիշկը տեղեկացրեց, որ երեկ նրան են այցելել քննիչները, սակայն Հարություն Խաչատրյանի լեզուն, բերանը կարված է, չի հարցաքննվել:

Խաչատուր Կարապետյանը նշեց, որ հնարավոր է` Հարություն Խաչատրյանն արդեն գիտի, որ «Շեկոն» մահացել է: «Ւնձ թվաց` արդեն գիտի: Ես իրեն վաղուց գիտեմ, բավական լուրջ տղա է, հեղինակություն ունի, հարգանք ունի, լուրջ անձնավորություն է, «Շեկոյի» պես չէ»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին, Ժամը 13.00-ի սահմաններում, Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը («Քավոր Հարութ») եւ Արտյոմ Կարապետյանը («Շեկո»): Վերջինս հիվանդանոցում մահացել է:Փաստի առթիվ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (Սպանությունը, որը կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) եւ 235 հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):

Գործով ձերբակալվել է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր որդին` Վահե Ղուկասյանը, ով կրակել էր Հարություն Խաչատրյանի («Քավոր Հարութ») եւ Արտյոմ Կարապետյանի («Շեկո») վրա, իսկ նախկին քաղաքապետի մյուս եղբորորդին` Նիկոլայ Ղուկասյանը Բագրատաշեն սահմանակետից բերման էր ենթարկվել, ապա` ազատ արձակվել:

Նշենք, որ «Քավոր Հարութը» եւ «Շեկոն» նախկինում խնդիրներ են ունեցել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հարազատների հետ:

Ավելի վաղ  NEWS.am-ը հայտնել էր, որ մասնավորապես, գյումրեցիների շրջանում տարածված խոսակցությունների համաձայն` փետրվարի 10-ին Վարդան Ղուկասյանի եղբորորդի Նիկոլայ Ղուկասյանին գլխին երկաթե ձողով հարվածել է հենց «Քավոր Հարութի» որդին: Իսկ «Քավոր Հարութի» ընտանիքը մոտ հարաբերությունների մեջ է ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հետ: Ասում են, որ «Քավոր Հարութը» շատ հայտնի է Գյումրիում: Վարդան Ղուկասյանը NEWS.am-ին հայտնել էր, որ «դա փողոցային խոսակցություն է»: