Հայաստանի, Մաքսային միության եւ Միասնական տնտեսական տարածքի միջեւ համագործակցության հնարավորությունների քննարկման գործընթացում առաջընթաց կա: Այդ մասին, այսօր՝ ապրիլի 25-ին, հայտնել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն` իր հայ գործընկեր Էդվարդ Նալբանդայի հետ Մոսկվայում ունեցած հանդիպումից հետո:
«Մենք Հայաստանի, Մաքսային միության եւ Միասնական տնտեսական տարածքի հետ համագործակցության հնարավորությունների քննարկման հարցում առաջընթաց ենք գրանցել՝ այդ հարցում Ռուսաստանի եւ Հայաստանի ղեկավարների համաձայնության գալուց հետո: Մենք դրական ենք գնահատում այդ նպատակով ստեղծված հայ-ռուսական համատեղ հանձնաժողովի աշխատանքը, որը հենց տվյալ հարցերի դիտարկման համար էր ստեղծվել»,- ասել է Լավրովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Նա նաեւ հույս է հայտնել, որ Հայաստանի եւ Մաքսային միության սերտացման գործընթացին առաջխաղացում կհաղորդի ապրիլի 10-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ)-ի եւ Հայաստանի կառավարության միջեւ ստորագրված հուշագիրը:




























