Լեհաստանը բավարարված է Հայաստանի հետ քաղաքական երկխոսության մակարդակով:  Այդ մասին հայտարարել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին, ապրիլի 25-ին կայացած մամուլի ասուլիսում:

«Հարաբերությունները կարելի է բնութագրել որպես հասուն գործընկերություն` հիմնված վստահության վրա»,- ասել է դեսպանը: Որպես օրինակ նա հիշեցրել է, թե վերջերս Լեհաստան էր այցելել Հայաստանի ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը, եւ այցի շրջանակներում հանդիպել երկրի նախագահին: Երկու շաբաթ առաջ կայացել են խորհրդատվություններ Հայաստանի եւ Լեհաստանի ԱԳՆ-ների միջեւ: Իսկ ներկայումս Հայաստանում են գտնվում Լեհաստանի տնտեսության եւ բնապահպանության նախարարները, որոնք հանդիպել են հայ գործընկերների հետ եւ քննարկել մի շարք հարցեր:

«Այցի նպատակը տնտեսական կապերի ակտիվացումն է: Անցած տարվա պես 42 մլն դոլարի առեւտրաշրջանառությունը մեզ չի գոհացնում»,- ասել է դեսպանը: Նա նշել է, թե պաշտոնական պատվիրակությանն ուղեկցում են լեհ գործարարներ, որոնք ներդրումների ուղղություններ են որոնում: