Բոլոր ոչ իշխանական կուսակցությունների հետ ընթանում են տարբեր ձեւաչափերով կոնսուլտացիաներ, բանակցություններ տարբեր մակարդակների հարթության վրա, փորձում ենք հասկանալ, թե որոնք են ամենաօպտիմալ մեխանիզմներն՝ ընտրությունների օրինականությունը վերահսկելու եւ քաղաքը ՀՀԿ-ի հանցավոր իշխանության ձեռքերից վերցնելու։ Այս մասին այսօր՝ ապրիլի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԱԿ մամուլի խոսնակ, ՀԱԿ համամասնական ցուցակի անդամ Արման Մուսինյանը:
Նա անդրադարձավ ՀՀԿ-ի թեկնածուների, մասնավորապես Տարոն Մարգարյանի հայտարարագրին, որտեղ, նրա խոսքով, կա վեց-յոթ միլիոնի ունեցվածք։ Նա հիշեցրեց, որ Տարոն Մարգարյանը կրթություն ստանալուց հետո անցել է պետական աշխատանքի, չի ծառայել զինված ուժերում, այդ ունեցվածքը բացատարություն չունի, թե ինչպես են դրանք անցել իր տիրապետության տակ։ «Ասեմ ավելին՝ ՀՀԿ-ի ցուցակում տեղ գտած շատ ավագանու թկենածուներ ներկայացրել են աստղաբաշխական հայտարարագրեր, այնպիսի ավագանիներ, որոնք ներկայիս թաղապետեր են։ Պատրաստվում ենք հաղորդում ուղարկել պատկան մարմիններին, որպեսզի քննություն կատարեն, ստուգեն ունեցվածքի ծագումը, որովհետեւ այդ հայտարարագիրը պարունակում է ատկատների, մեքենայությունների ռիսկեր։ Մինչ օրս ՀՀԿ-ն եւ նրա թեկնածուն որեւէ բացատրություն չի տվել, ինչը վկայում է, որ այդտեղ առկա են խարդախությունների, պետական միջոցները յուրացնելու եւ վատնելու ռիսկեր»,- ասաց Արման Մուսինյանը։
Դիտարկմանը, թե ինչո՞ւ ԲՀԿ թեկնածուների հայտարարագրերի մասին եւս չեք հայտարարում, այնտեղ եւս մեծ ունեցվածք տեր անձինք կան, մամուլի խոսնակը հակադարձեց, թե իր պայքարը ՀՀԿ-ի դեմ է, լրագրողները պետք է ԲՀԿ-ի ներկայացրած հայտարարագրերը ստուգեն եւ ներկայացնեն։
Արման Մուսինյանն անդրադարձավ նաեւ այս ընտրություններից հետո ավագանու մանդատները վերցնել-չվերցնելու թեմային, հաշվի առնելով, որ 2009թ նրանք մանդատները չէին վերցրել: «Երկու տարբեր ժամանակաշրջաններ եւ քաղաքական իրավիճակներ էին, այդ ժամանակ արտախորհրդարանական ուժ էինք, որեւէ լծակ չունեինք, այսօր արդեն երբ ՀԱԿ-ը խորհրդարանական ուժ է եւ կարող է շատ լծակներ օգտագործել, մանդատների վերցնելը քաղաքապետարանում իմաստ է ստանում»,- ասաց նա։
Արման Մուսինյանը շեշտեց, որ իրենք մասնակցում են ընտրություններին ոչ թե ավագանում տեղ զբաղեցնելու, այլ ընտրություններում հաղթելու մտադրությամբ, որովհետեւ կարողացել են ապացաւցել, որ առաջամարտիկ են բանդիտության դեմ պայքարում, երկրորդ՝ ՀՀԿ-ի նկատմամբ ատելությունը կրում է տոտալ բնույթ, եւ երրորդ՝ 2009 թ իշխանությունը եւ հիմիկվանը տարբեր են, այդ ժամանակ իշխանության մեջ էին երեք քաղաքական ուժ՝ ՀՀԿ, ԲՀԿ եւ ՕԵԿ-ը, իսկ այսօր փաստ է, որ ԲՀԿ-ն քայլեր է անում իշխանությունից պոկվելու եւ իշխանության դեմ գործելու համար, ուստի մեծանում է ՀՀԿ-ին քաղաքում ջախջախելու շանսերը, ինչից հետո իրադարձությունները զարգանալու են հեշտ եւ ավելի արագ։
Արման Մուսինյանը վստահ է, որ մայիսի 5-ից Հանրապետականը քաղաքապետ չի ունենալու, նա այդ պաշտոնում տեսնում է Վահագն Խաչատրյանին։ Ինչ վերաբերում է հնարավոր միավորմանը, մամուլի խոսնակն ասաց, որ դա ցույց կտա ընթացքը, հավաքած ձայները հիմք կհանդիսանան։
Ի դեպ, Վահագն Խաչատրյանն այժմ Հայաստանում չէ, նա մասնակցում է Թուրքիայում տեղի ունեցող Եվրոպայի ազատականների խորհրդաժողովին: ՀԱԿ համամասնական ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանն այնտեղ ելույթ պետք է ունենա:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am



























