Շիրակի մարզի բնակիչ 42-ամյա Հովհաննես Հովհաննիսյանը ծեծել է նախկին կնոջն ու զոքանչին եւ դանակով սպառնացել սպանել: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 42-ամյա Հովհաննես Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2013թ փետրվարի 3-ին ժամը 04.30-ի սահմաններում, գտնվելով հարբած վիճակում, գնացել է նախկին կնոջ` Լուսինե Ա.-ի Արթիկ քաղաքի տուն, նրան հետ վերադարձնելու, բայց ընտանեկան հարցերով վիճաբանել է վերջինիս եւ նրա մոր` Բավական Սուքիասյանի հետ, որի ժամանակ բռնի գործողություններ է կատարել նրանց նկատմամբ`ձեռքերով եւ ոտքերով հարվածել է նրանց մարմնի տարբեր մասերին:
Վիճաբանության ընթացքում Հովհաննես Հովհաննիսյանը միաժամանակ սպանության սպառնալիքներ է տվել Լուսինե Ա.-ի հասցեին, տանը սկսել է դանակ փնտրել` ստեղծելով սպառնալիքներն իրականացնելու իրական վտանգ, սակայն իմանալով, որ Լուսինեի քույրը` Արեւիկը, զանգահարել է ոստիկանություն, դիմել է փախուստի:
Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով` ծեծ: Խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:



























