Հայաստանի Հանրապետության կառավարությունը վերացրեց էլեկտրոնային կրիչների բնագավառում ստեղծված անհեթեթ իրավիճակը: Այդ նպատակով ապրիլի 25-ին որոշում ընդունեց փոփոխություններ կատարել 2012 թ. նոյեմբերի 1-ին ընդունած այն որոշման մեջ, որով կանոնակարգվում է էլեկտրոնային կրիչների համար դրոշմապիտակների տրամադրման կարգը: Կառավարությունը գնաց էական զիջման՝  տնտեսվարողներին թույլ տրվեց մինչեւ 2012 թ. նոյեմբերի 15-ը արտադրած կամ ներմուծած կրիչները վաճառել առանց դրոշմապիտակների:

Սակայն առավել կարեւոր են ներմուծված կրիչների համար դրոշմապիտակներ հատկացնելու կարգում կատարած փոփոխությունը: Նախկին կարգով՝ ներմուծված կրիչների համար դրոշմապիտակ ստանալիս պարտադիր պետք էր ներկայացնել արտադրողի հետ կնքած պայմանագրի պատճեն՝ այդ արտադրողի կողմից բոլոր հեղինակային իրավունքների պահպանման ապացույցով: Սակայն այս կետը գործնականում պահպանել հնարավոր չէր: Քանի որ մեր տնտեսվարողները փոքր քանակությամբ են կրիչներ ներկրում, նրանք չեն կարողանում աշխարհով մեկն փնտրել ու գտնել կրիչներ արտադրողներին, գտնելուց հետո էլ՝ չեն կարողանում պայմանագիր կնքել: Օրինակ՝ Sony ընկերությունն արտադրում է Playstation խաղն ու փոքր պատվիրատուների հետ երբեւէ պայմանագիր չի կնքում: Իսկ հայտնի է, որ Playstation3 խաղը կեղծել հնարավոր չէ:

Այսպիսով՝ մեր տնտեսվարողները օրիգինալ կրիչները ձեռք են բերում որեւէ արտասահմանյան խոշոր խանութից կամ բազայից: Սակայն միջնորդից ձեռքբերումը դեռ չի նշանակում, որ կրիչը պիրատային արտադրանք է:

ՀՀ կառավարությունը պարզապես որոշեց, որ ՀՀ մտավոր սեփականության գործակալությունը դրոշմապիտակներ պետք է տրամադրի նաեւ այն տնտեսվարողին, որը կրիչներ ներկրելիս ներկայացնում է ոչ միայն արտադրողի, այլեւ կրիչը վաճառողի հետ կնքած պայմանագիր: Իսկ սա նշանակում է, որ շուկայում ստեղծված թյուր իրավիճակները պետք է որ վերանան:

Նշենք, որ կրիչների ներմուծմամբ եւ վաճառքով զբաղվողները բազմիցս բողոքի ակցիաներ են կազմակերպել կառավարության շենքի մոտ, իսկ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պարզաբանումները համոզիչ չէին:

Պատրաստեց՝ Սամվել Ավագյանը