Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 25-ին աշխատանքային այցով ժամանել է Փարիզ:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ նույն օրը երկրի ղեկավարը ծաղկեպսակ է դրել Փարիզի կենտրոնում գտնվող Կոմիտասի հուշարձանին` հարգանքի տուրք մատուցելով Ցեղասպանության զոհերի հիշատակին:
Նույն օրը, Բակո Սահակյանն այցելել է Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդարան եւ հանդիպել թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի հետ:
Հանդիպմանը քննարկվել են Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, համահայկական նշանակության որոշ հիմնախնդիրներ, ինչպես նաեւ Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր:
Բակո Սահակյանը բարձր է գնահատել Հայ Առաքելական եկեղեցու դերը Սփյուռքում ազգային ինքնության պահպանման եւ հայրենքի հետ կապերի ամրապնդման գործում:
Դրանից հետո նա հանդիպում է ունեցել Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանի հետ, որի ժամանակ քննարկվել են Ֆրանսիայում Արցախյան հիմնախնդրի արդարացի ներկայացմանը, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանն առնչվող մի շարք հարցեր:
Բակո Սահակյանը կարեւորել է այս հարթություններում երկու հայկական հանրապետությունների դիվանագիտական առաքելությունների սերտ համագործակցությունը` այն համարելով կարեւոր նախապայման ցանկալի արդյունքների հասնելու համար:
Նախագահին ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը, Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը, պաշտոնատար այլ անձինք:




























