Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր` ապրիլի 26-ին, քննարկվել է ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Էլինար Վարդանյանի, Ստեփան Մարգարյանի, Վահան Բաբայանի հեղինակած «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը:

Նախագծով առաջարկվում է Երեւան քաղաքում թեթեւ մարդատար մեքենայով ուղեւորափոխադրում իրականացնող գործունեության համար բազային հարկային արտոնագրային վճարը նվազեցնել եւ մեկ մեքենայի համար գործող 9500 դրամի փոխարեն սահմանել 7000 դրամ:

ՀՀ կառավարության եզրակացությունը նախագծի վերաբերյալ բացասական էր այն հիմնավորմամբ, որ արտոնագրային գործող վճարները հաստատվել են՝ տարբերակված մոտեցում ցուցաբերելով եւ հաշվի առնելով տնտեսական ակտիվության վիճակը հանրապետության ողջ տարածքում: Դա է պատճառը, որ արտոնագրային վճարը բարձրացել է միայն Երեւան քաղաքում, իսկ մարզերում իջել է:

ԱԺ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանն անընդունելի համարեց միայն Երեւան քաղաքի տաքսու վարորդների համար արտոնություն սահմանելը՝ անտեսելով մարզերը: Նա հեղինակներին առաջարկեց հետաձգել նախագիծը եւ համատեղ մշակել մի նախագիծ, որով ոլորտը կկարգավորվի ամբողջությամբ:

Նիստում նախագահողը քվեարկության դրեց օրինագիծը, որը երրորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկվելու համար դրական եզրակացություն ստացավ: