Թեեւ Հայաստանում գինեգործությամբ զբաղվում են ավելի քան 6 հազար տարի, ողջ աշխարհում հայտնի է հայկական կոնյակը, իսկ գինին զիջում է նրան: Իրերի նման դրությունը շտկելու համար «Արմենիա Վայն» ընկերությունը զբաղվում է բարձրորակ գինիների արտադրությամբ: Այդ մասին ապրիլի 26-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «Արմենիա Վայն» ընկերության գլխավոր խորհրդական Ժան-Բատիստ Սուլան` նկատելով, որ ամենահին գինու մառանը հայտնաբերվել է հայաստանի Վայոց ձորի մարզում (ֆոտոռեպորտաժ):

Սուլայի խոսքով, Հայաստանն ի վիճակի է առաքել միջազգային ստարնդարտներին համապատասխան գինի: «Մինչեւ 1960թ. հայաստանում աճեցնում էին խաղողի 300 տեսակներ, սակայն այսօրվա դրությամբ մնացել է միայն 30 տեսակ, քանի որ հայկական գինեգործությունը ստացել է արդյունաբերական բնույթ: Հիմնականում խաղող աճեցնում են Տավուշի, Արագածոտնի, Արարատի, Վայոց ձորի մարզերում, կան տեսակներ, որոնք այլ տեղեր չեն աճում` արենի, կախեթ, կարմրահյութ»:

Սուլան նաեւ նշել է, թե բարձրորակ բերք ստանալու համար անհրաժեշտ է փոխել ոռոգման եղանակը, որն անփոփոխ է մնացել հազար տարի: Դրա փոխարեն ավելի նպատակահարմար է խաղողի կաթիլային ոռոգումը, բարձրորակ խաղող ստանալու համար:

Սուլայի խոսքով, «Արմենիա Վայն» ընկերությունը կատարեց Հայաստանում մինչ այժմ ամենամեծ ներդրումը գինեգործության ոլորտում, հանդիսացավ ժամանակակից տեխնոլոգիաների առաջատարը, Հասաստանի այգեգործներից տեղական գինեբեր խաղողի խոշորագույն գնորդը, բարձրակարգ գինիների առաջատար խոշոր արտադրողը եւ 2012 թ. արդյունքներով որպես բարեխիղճ հարկատու զբաղեցրեց Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում 52-րդ տեղը:

Նախատեսվում է, որ «Արմենիա Վայն» ընկերությունը այս տարի կարձանագրի արտահանման ծավալի շուրջ 300% աճ եւ կհանդիսանա Հայաստանում գինիներ արտահանող ռեկորդակիր ընկերությունը: «Արմենիա Վայն» ընկերության պատրաստած բարձրակարգ գինիները ներկայումս արտահանվում են ԱՄՆ, Լատվիա եւ Մերձբալթյան երկրներ, Բուլղարիա, Չեխիա, Բելառուս,Ֆրանսիա եւ Ռւսաստան:

2014 թ. նախատեսվում է իրացնել շուրջ 2.5 մլն. շիշ գինի: Այդ իսկ նպատակով ընկերությունը 2013 թ. Հայաստանի այգեգործներից կգնի Արենի, Հաղթանակ, Սապերավի, Կանգուն, Ոսկեհատ, Ռկացիտելի, Մուսկատ եւ մի քանի այլ խաղողի տեսակներից շուրջ 3000 տոննա բերք:

Արդեն այս տարի նախատեսվում է սկսել շամպայն–գինիների արտադրությունը: 2013 թ. հեռանկարային կարող է լինել նաեւ օղու արտադրության բնագավառում: Ներկայումս ընթանում են լուրջ բանակցություններ մեր ընկերության արտադրած օղիների արտահանման վերաբերյալ: 2013 թ. խոստումնալից կլինի նաեւ մեր ընկերության կոնյակագործության ճյուղի համար: Մինչեւ աշուն կավարտվի 54 000 դկլ. հզորությամբ կոնյակի սպիրտի ստացման առաջնային արտադրության, խաղողի խմորման (վինիֆիկացիա) արտադրամասի կառուցումը: Միչեւ աշուն շուրջ 4 անգամ կմեծացվի կոնյակի եւ բրենդիի սպիրտի թորման (դիստիլյացիա) արտադրամասն իր բոլոր հզորություններով: «Արմենիա Վայն» ընկերությունը կոնյակի եւ բրենդիի սպիրտերի հնեցումը իրականացնում է միայն կաղնու փայտե տակառներում եւ այդ նպատակով այս տարի կշարունակվի կաղնու տակառների ներկրումը Ֆրանսիայից:

2012 թ. ձմռանը «Արմենիա Վայնը» ամենախստապահանջ գնորդին ներկայացրեց իր արտադրության պրեմիում դասի «TARIRI» անվանումով գինին, որն այդ անունը ստացել է ի պատիվ Մենուա արքայի դստեր Թարիրիի: Սեպագիր արձանագրությունների մեջ Մենուա արքան հիշատակում է խաղողի իր հիմնած այգիները, որը նա նվիրել էր դստերը՝ Թարիրիին:

Այս տարեվերջին ընկերությունը իր բարձրակարգ գինիների դասը կհարստացնի եւս մեկով: Ֆրանսիայից ներկրված գինու համար նախատեսված բարձ որակի կաղնու տակառներով այժմ հնեցում է անցնում գինու այն տեսակը, որի անվանումը առայժմ չի հրապարակվում:

2013 թ. գարնանը Հայաստանի ներքին շուկա բաց թողնվեց նոր տեսակի նռան կիսաքաղցր տեսակը: Ռուսաստանում վերջինիս մեծ պահանջարկի առումով այս գինու վաճառքը Հայաստանում կլինի սահմանափակ: Իսկ «Մուսկատ» տեսակի գինու վաճառքը Հայաստանում այս տարի նախատեսված չէ: Նույն պատճառով ողջ արտադրանքը գնված է արտասահմանյան գործընկերների կողմից: Հայաստանյան շուկայում նախատեսված չէ նաեւ «Կագոռ» տեսակի գինու վաճառքը. նույն պատճառով ողջ տեսականին արտահանվում է:

Կոնյակի մասնագետ, «Արմենիա Վայն» ընկերության խորհրդական Լոբեր Լեոտեն նկատել է, թե ներկայումս հայաստանը դիմել է միջազգային կառույցներին, որ միջազգային շուկայում կարողանա պահպանել «կոնյակ» անվանումը:

Նրա կանխատեսումներով, 2013թ. խոստումնալից կլինի ընկերության համար, կոնյակի արտադրության ոլորտում: Նա նաեւ նշել է, թե «Արմենիա Վայնը» իրականացնում է կոնյակի, բրենդիի եւ գինու պահում Ֆրանսիայից բերված կաղնե տակառներում:

Լուսանկարը` Արսեն Սարգսյանի/NEWS.am