Հայաստանի առողջապահության նախարարի պաշտոնակատար Դերենիկ Դումանյանն, այսօր՝ ապրիլի 26-ին, ընդունել է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության (ՊՎՆԳ) վտանգների համատեղ նվազեցնման ծրագրի տնօրեն Էլիզաբեթ Ջորջի գլխավորած պատվիրակությանը։

Դերենիկ Դումանյանը նշել է, որ կենսաբանական ոլորտում ներգրավման համագործակցային վերանայումն արդեն երկար տարիների քննարկման առակա է։ ՀՀ կառավարությունն իր հավանությանն է արժանացրել հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների հարուցիչների հետ աշխատող լաբորատորիաները մեկ միասնական կառուցվածք ստեղծելու գաղափարը եւ կենտրոնացված կառուցվածք ստեղծելու համար շենք է հատկացրել։  Հիմք ընդունելով սպասարկման տարածքի մեծությունը ՀՀ առողջապահության նախարարությունն առաջարկում է մարզային նմանատիպ միասնական կառույցներ ստեղծել Շիրակի եւ Տավուշի մարզերում։

Կենսաանվտանգության եւ կենսապաշտպանության խնդիրների առթիվ Դերենիկ  Դումանյանը տեղեկացրել է, որ հատուկ վտանգավոր ախտածինների խորը ուսումնասիրությունների ուղղությամբ ծրագրվում է գիտական մակարդակի լուրջ հետազոտություններ իրականացնել, ներառյալ` մոլեկուլյար-գենետիկ եւ շտամների կուլտուրաների հետազոտություններ։ Նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է նաեւ կենսաբանական հետազոտություններին առնչվող ծրագրերի ընթացքին։ Մասնավորապես նշել է, որ տուլարեմիայի դեպքերի աշխարհագրական տեղեկատվական համակարգի քարտեզագրմանը վերաբերող  AM-1 ծրագիրը հաջողությամբ իրականացվում է առանց ժամանակացույցից շեղումների։  Նույնկերպ ընթանում են մյուս ծրագրերի իրականացման նախապատրաստական աշխատանքները։

Վտանգների համատեղ նվազեցնման ծրագրի տնօրեն Էլիզաբեթ Ջորջը նշել է, որ վտանգների համատեղ նվազեցման ծրագրի նպատակն է օժանդակել եւ բարելավել առողջապահական եւ գյուղատնտեսական ոլորտները, ստեղծել մարդկանց եւ կենդանիների առողջական խնդիրներով զբաղվող միասնական կառույց։

Էլիզաբեթ Ջորջը հայտնել է, որ ՀՀ կառավարության կողմից հատկացված շենքում  ծրագրի շրջանակներում հայ գիտնականների հետ հետազոտություններ կիրականացվեն։ Նա իր գոհունակությունը հայտնեց, որ նախարարությունը պատրաստ է մոլեկուլյար-գենետիկ հետազոտություններում ընդգրկվելու  եւ վստահեցրեց, որ այդ ուղղությամբ կվերապատրաստեն  հայ մասնագետներին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ բժշկական համալսարանում լարցուցիչ կրթական ծրագրեր ներառելու, օրենսդրական դաշտը նոր պահանջներին համապատասխանեցնելու հարցերը։

«Իրականացվող ծրագիրը շատ անհրաժեշտ է մեր երկրին, եւ մենք ամեն ինչ կանենք, որպեսզի այն հաջողությամբ իրականացվի։ Անվտանգության նպատակով միասնական համակարգով աշխատելը համահունչ է մեր նպատակներին։ Վստահ եմ, որ մեկ հզոր կառույց ստեղծելով շատ խնդիրներ կկարողանանք լուծել»,-ասել է Դերենիկ Դումանյանը։