Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը այսօր` ապրիլի 26-ին, հանդիպել է խորհրդարանում ուսումնական պրակտիկա անցնող՝ Երեւանի պետական համալսարանի, Հյուսիսային համալսարանի, Կառավարման ակադեմիայի եւ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ուսանողների ու մագիստրատուրայում սովորողների հետ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Ազգային ժողովից: Խորհրդարանի ղեկավարը ողջունել է ուսանողների՝ երկրի օրենսդիր մարմնում փորձառություն ձեռքբերելու ցանկությունը եւ համոզմունք հայտնել, որ այստեղ ստացած գիտելիքներն ու շփումներն օգտակար կլինեն հետագա անելիքներում կողմնորոշվելու համար: Նշելով, որ տնտեսությունը տարեցտարի դառնում է ավելի գիտելիքահեն՝ Հովիկ Աբրահամյանն ուսանողներին կոչ է արել օգտագործել սովորելու բոլոր հնարավորություններն ու արդյունավետ տնօրինել ժամանակը: ԱԺ նախագահը շատ կարեւոր է համարել երիտասարդության դերակատարությունը քաղաքական, տնտեսական, կրթական եւ այլ ոլորտներում՝ որպես օրինակ բերելով խորհրդարանում երիտասարդ պատգամավորների ներգրավվածությունն ու Երիտասարդական խորհրդարանի գործունեությունը:

Խորհրդարանի ղեկավարն ապագա քաղաքագետների եւ իրավաբանների հետ խոսել է Ազգային ժողովի գործունեության մասին: Հովիկ Աբրահամյանն կարեւորել է խորհդարանական դիվանագիտությունը, որը կարեւոր գործիք է երկրի համար առանցքային խնդիրներն արտաքին աշխարհին ներկայացնելու համար: ԱԺ նախագահն ուսանողներին ներկայացրել է ՀՀ իշխանությունների դիրքորոշումն ու պատկերացումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ՝ նշելով, որ ադրբեջանական ապատեղեկատվության եւ նավթադոլարային լոբբինգի դեմ պայքարում են նաեւ խորհրարանական լծակներով՝ տեղեկատվություն եւ փաստեր ներկայացնելով: Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ԱԺ նախագահը համոզված է. Թուրքիան երբեւէ կհասկանա, որ չի կարող այդ փաստը հերքելով կամ հարեւան երկրի հետ սահմանը փակ պահելով հավակնել դառնալ ԵՄ անդամ: ԱԺ նախագահը ուսանողների խնդրանքով անդրադարձել է նաեւ տարածաշրջանային այլ հարցերի:

Հովիկ Աբրահանմյանն ուսանողներին անկեղծ զրույցի է հրավիրել, ինչից ոգեւորված էլ ուսանողներն ամենատարբեր հարցերն են ուղղել ԱԺ նախագահին՝ ներքաղաքական խնդիրներից մինչեւ ԼՂ հարցի հանգուցալուծում ու արտագաղթի դեմ պայքար: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կան որոշ բացթողումներ, իշխանություններին տեսանելի է մարդկանց դժգոհությունը: Մայիսին Երեւանի ավագանու ընտրություններով ավարտվում է հիմնական ընտրությունների փուլը, եւ առաջիկա տարիներին իշխանությունները թե ծրագրեր իրագործելու, թե քաղաքական դաշտում համերաշխության հասնելու եւ միասնաբար երկրի առջեւ ծառացած խնդիրները լուծելու լավ հնարավորություն են ստանում: Հովիկ Աբրահամյանը հավաստիացրել է, որ կա քաղաքական կամք էական բարեփոխումներ իրականացնելու համար:

Հանդիպման ընթացում խորհրդարանի ղեկավարը ուսանողների հետ զրուցել է Սփյուռքի, կրթության, աշխատատեղերի խնդիրների, սահմանադրական հնարավոր բարեփոխուների եւ այլնի մասին: