Այս օրերին ոչ միայն Մոսկվայում, այլեւ երկրագնդի տարբեր քաղաքներում միջոցառումներ են տեղի ունենում, որոնք նվիրված են Հայոց ցեղասպանության հերթական տարելիցին: Արդեն հազարավոր նման միջոցառումներ են տեղի ունեցել, որոնց թիվը տարեցտարի աճում է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 26-ին, «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ին տված հարցազրույցում նշել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերություններին, ապա մեր դիրքորոշումը հիմնվում է հայտնի սկզբունքի վրա՝ հարաբերությունների նորմալացում առանց նախապայմանների: Հենց այդ հիմքի վրա 2008-ին մեր նախաձեռնությամբ սկսվեցին Թուրքիայի հետ բանակցությունները: Նման ընդհանուր ըմբռնումով մենք սկսեցինք գործընթացը եւ եկանք պայմանավորվածությունների: Գործընթացի հենց սկզբից մինչ օրս մեր մոտեցումը աջակցություն է ստացել ողջ միջազգային հանրության կողմից»,-ասել է Նալբանդյանը:

Նա նաեւ ցավով նկատել է, որ Թուրքիան հեռացել է այդ պայմանավորվածություններից: Անկարան ոչ միայն հրաժարվել է հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելուց, այլեւ կրկին վերադարձել է նախապայմանների լեզվին, որը նա օգտագործում էր նախքան գործընթացն սկսելը:

«Այսօր միջազգային հանրությունը, շատ երկրներ, այդ թվում Թուրքիայի դաշնակից երկրներ, նշում են, որ գնդակը Թուրքիայի դաշտում է, որ Հայաստանն անցել է իր ճանապարհը եւ որ հենց Թուրքիային է անհրաժեշտ անել այն, ինչ խոստացել է միջազգային հանրությանը»,-ընդգծել է Հայաստանի ԱԳ նախարարը: