Թուրքիայում «Էրգենեկոնի» գործով դատախազներից Մուամեր Աքքաշն ստանձնել է Դինքի սպանության գործի հետաքննությունը՝ բոլոր զարգացումներն ուսումնասիրելով ամենասկզբից։
Ստամբուլի հայկական «Ակոս»ի փոխանցմամբ՝ Ստամբուլի հայկական «Ակոս»-ի նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով կայացրած ամոթալի վճիռը վճռաբեկ ուղարկվելուց հետո հետաքննությունը հանձնվել է «Էրգենեկոնի» դատախազներից Մուամեր Աքքաշին, ով ամբողջությամբ վերանայում է նախկինում կատարված հետաքննությունը։
Նոր դատախազն արդեն վկայություն տալու է կանչել սպանությունն իրականացրած Յասին Հայալի եւ սպանության ուղղորդողներից Օգյուն Սամասթի հետ կապի մեջ եղած ոստիկանների եւ ժանդարմերիայի ծառայողների։
Նշվում է, որ այս հարցաքննություններից հետո որոշում է կայացվել, որ նախկինում գործով անցած եւ վկայություն տված անձինք կրկին կանչվելու են հարցաքննության։
Հիշեցնենք, որ, 2012-ի հունվարի 17-ին թուրքական դատարանը Դինքի սպանության գործում Յասին Հայալին մեղավոր ճանաչեց սպանությունը ծրագրավորելու եւ կազմակերպելու մեղադրանքով եւ դատապարտեց ցմահ ազատազրկման։ Սպանության ուղղորդողներից Էրհան Թունջելը Դինքի սպանության գործով անմեղ ճանաչվեց եւ դատապարտվեց 10 տարի 6 ամիս պատժաչափի՝ Mc Donald’s-ի պայթյունի համար։ Սակայն դատարանը նրան ազատ արձակման որոշում է կայացրել` հաշվի առնելով, որ նա այսքան ժամանակ գտնվել է կալանքի տակ: Համապատասխան գործընթացից հետո Էրհան Թունջելը ազատ է արձակվել:
Դատարանի որոշմամբ Դինքի սպանության գործով 19 մեղադրյալների վրայից հանվեց ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու մեղադրանքը։




























