Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու փաստով:

«Ինչպես նախկինում տեղեկացրել ենք՝  ապրիլի 23-ին Երեւանի Նոր Նորքի 8-րդ զանգվածում Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում  www.ilur.am  լրատվական կայքի թղթակցի մասնագիտական պարտականությունները խոչընդոտելու վերաբերյալ ոստիկանության Նոր Նորքի բաժնում հետաքննություն էր կատարվում, որից հետո նախապատրաստված նյութերը փոխանցվել էին ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժին:

Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 164 հոդվածի 1-ին մասով (Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը):

Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է ոստիկանության լրատվության վարչության մամուլի հաղորդագրության մեջ: