Ես կարծում էի` նա համեստ մարդ է, բայց պարզվեց, որ ընտրողների քվեն ստանալու համար Արմեն Երիցյանը դիմում է նողկալի մեթոդների: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, «Բարեւ, Երեւան» դաշինքի համամասնական ընտրացուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը` մեկնաբանելով Հայաստանի ԱԻ նախարարի պաշտոնակատար, «Օրինաց երկիր» կուսակցությունից քաղաքապետի թեկնածու Արմեն Երիցյանի խոսքերը:
«Չեմ էլ ասում, որ նա սովորական տղամարդկային ձեռքսեղմումը չի տարբերում, Աստված իր հետ, նա ցույց տվեց իր կուլտուրան»,- ասել է Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ ընտրողների հետ հանդիպմանը Արմեն Երիցյանն ասել էր. «Արդեն հասել ենք նրան, որ Անահիտ Բախշյանն արդեն իր ասուլիսում Երիցյան Արմենի թեզերն է օգտագործում, որ ասուլիսը մի քի որակ ստանա: Մի լավ խոսք կա, ասում է. «տեղ հասանք»: Անպայման Երիցյան Արմենն էլ մի տղամարդու ձեռք բռնած պետք է նկարվի, որ ասեն սիրում ենք նրան: Մենք սիրում ենք մեր կանանց եւ բալիկների ձեռքը բռնենք նկարվենք, այլ ոչ թե տղամարդկանց ձեռքը բռնած նկարվենք ու Երիցյան Արմենին էլ անուն դնենք»,- ասաց Արմեն Երիցյանը, հավանաբար նկատի ունենալով «Բարեւ Երեւան» դաշինքի ցուցապաստառը, որտեղ ձեռք-ձեռքի տված նկարված են Րաֆֆի Հովհաննիսյանն ու Արմեն Մարտիրոսյանը:
Լուսանկարը` Արսեն Սարգսյանի/NEWS.am



























