Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին՝ Վահե Ղուկասյանը, կալանավորվել է: Ասյ տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց մեաղդրյալի պաշտպան Հայկ Ալումյանը:
Նա նշեց, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Սուրեն Մնացյանի նախագահությամբ, բավարարել է քննչական մարմնի կալանքի միջնորդությունը:
Նա նաեւ տեղեկացրել է, որ Վահե Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի (Սպանություն), 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի (Սպանության փորձ) եւ 235-րդ հոդվածի առաջին մասի (Ապօրինի զենք կրելը) հատկանիշներով:
Հայկ Ալումյանը նշեց, որ իր պաշտպանյալը չի ընդունում իր մեղքը, նրա վրա կրակել են եւ ունի հրազենային վնասվածք:
Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին, Ժամը 13.00-ի սահմաններում, Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը («Քավոր Հարութ») եւ Արտյոմ Կարապետյանը («Շեկո»): Վերջինս հիվանդանոցում մահացել էր: Փաստի առթիվ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (Սպանությունը, որը կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) եւ 235 հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):
Գործով ձերբակալվել է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր որդին` Վահե Ղուկասյանը, ով կրակել էր Հարություն Խաչատրյանի («Քավոր Հարութ») եւ Արտյոմ Կարապետյանի («Շեկո») վրա, իսկ նախկին քաղաքապետի մյուս եղբորորդին` Նիկոլայ Ղուկասյանը, Բագրատաշեն սահմանակետից բերման էր ենթարկվել, ապա` ազատ արձակվել:
Նշենք, որ «Քավոր Հարութը» եւ «Շեկոն» նախկինում խնդիրներ են ունեցել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հարազատների հետ:




























