Երեւանի քաղաքապետն իրավունք չունի բիզնեսով զբաղվել, այդուհանդերձ, սկսած 1998 թ-ից`ՀՀԿ-ի կողմից նշանակված բոլոր քաղաքապետերը զբաղված են եղել սեփական գրպանը հարստացնելով  եւ նպաստել են քրեաօլիգարխիկ կլանների զարգացմանը: Այս մասին այսօր մայրաքղաքի Էրեբունի վարչական շրջանի ընտրողների հետ հանդիպմանն ասաց Երեւանի ավագանու ընտրություններում «Բարեւ, Երեւան» դաշինքի ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը:

Նրա խոսքով` վերջին քսան տարվա ընթացքում Հայաստանում ձեւավորված կառավարման մոդելը 1,5 մլն մարդու արտագաղթի պատճառ է  դարձել: «Ուստի անհրաժեշտ է,  որ Երեւանի ավագանու կազմում լինեն այնպիսի անձինք, ովքեր վարկաբեկված չեն, ներգրավված չեն կոռուպցիայի մեջ, չեն խախտել մարդու իրավունքները, չեն կեղծել ընտրությունների արդյունքները»:Իր հերթին «Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Ստեփան Սաֆարյանը նշեց, որ փետրվարի 18-ի նախագահական ընտրությունները ցույց տվեցին, որ կառավարման համակարգը  ճաք է տվել, երբ Րաֆֆի Հովհաննիսյանն ստացավ 500 հազար ձայն: