Բելառուսում ապրիլի 30-ից մինչեւ մայիսի 5-ը հայկական մշակույթի օրերը են անցկացվելու: Այդ մասին հայտնել է Բելառուսի Մշակույթի նախարարության մամուլի քարտուղար Յուլյա Վիսկուբը:

Մշակույթի օրերի  բացումը տեղի կունենա մայիսի 1-ին ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի ղեկավարած Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթի համերգով: Տոնական երեկոն տեղի կունենա Բելգոսֆիլարմոնիայում, հայտնում է ԲԵԼՏԱ-ն:

Բարձր պրոֆեսիոնալիզմի, երգացանկի ժանրային բազմազանության, շարունակական կատարելագործման եւ արտահայտչամիջոցների մոդեռնիզացման շնորհիվ` «Բարեկամություն»-ը համարվում է Հայաստանի առաջատար ստեղծագործական կոլեկտիվներից մեկը: Ծրագրում ներառված են նաեւ հայկական կինոյի օրերը եւ նկարիչ Արեւիկ Պետրոսյանի ցուցահանդեսները (մայիսի 2-ին):

«Բարեկամություն» անսամբլը ելույթ կունենա ոչ միայն Մինսկում, այլեւ Մոգիլեւում` Բելառուսի եւ ԱՊՀ-ի 2013թ.-ի մշակութային մայրաքաղաքում:

Հայկական պատվիրակությունը գլխավորում է Հայաստանի մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը: