Ես վստահ եմ, որ «Բարեւ, Երեւան» դաշինքը հաղթանակ կտանի Երեւանի ավագանու ընտրություններում: Այդ մասին ապրիլի 29-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, նախընտրական քարոզարշավի վերջին շաբաթը մտադիր է անցկացնել «Բարեւ, Երեւան» դաշինքի անդամների հետ եւ մասնակցել մայրաքաղաքի վարչական շրջաններում ընտրողների հետ հանդիպմանը. «Այս պահին մեր «Նոր Հայաստան» շարժումը ուշադրությունը կսեւեռի մայրաքաղաքի ընտրությունների վրա: «Բարեւ, Երեւան» դաշինքը կհաջողի, ես վստահ եմ: Դա կլինի ժողովրդի հաղթանակը գործող իշխանության նկատմամբ»:
Միաժամանակ Հովհաննիսյանն ասել է, թե սկսած այսօրվանից մտադիր է այցելել բոլոր վարչական շրջանները: Քարոզարշավի արդյունքներն ամփոփվելու են մայիսի 9-ին, Ազատության հրապարակում:
Լուսանկարն` Արսեն Սարգսյանի/NEWS.am




























