Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում պատշաճ հասարակական կարգ ու կանոն հաստատելու, ընտրությունների անցկացման բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ոստիկանությունում ձեւավորվել է համակարգող խումբ: Գործում է «1-02» բազմուղի ցանցը, նաեւ` (010)54-69-12 եւ (010)54-69-14 հեռախոսահամարները:

Ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ընթացքում գրանցված  անօրինական գործողությունների մասին կարելի է ահազանգել նաեւ համակարգող խմբի անդամ, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետի ծառայության գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանին` 093-20-00-90 հեռախոսահամարով:

ՀՀ ոստիկանությունը բազմիցս հայտարարել է եւ առաջնորդվում է նույն սկզբունքով՝ անհետեւանք չի մնա ոչ մի  ահազանգ, տեղերից ստացվող  ոչ մի  տեղեկատվություն:

Ոստիկանությունը կրկին համագործակցություն է առաջարկում քաղաքական ուժերի նախընտրական շտաբներին`  նպատակ ունենալով  համատեղ ապահովել  արդար ու թափանցիկ ընտրություններ: Ոստիկանությունը  կարեւորում է զանգվածային լրատվության  միջոցների հետ  համագործակցությունը եւ ակնկալում նաեւ նրանց  աջակցությունը:

Ոստիկանությունը հորդորում է  բոլոր քաղաքական ուժերին` հանրային միջոցառում անցկացնելու մասին նախապես իրազեկել համապատասխան մարմնին, ինչը բխում է բոլորի շահերից: 

Ոստիկանությունը  մշտապես  շեշտել է իր  վերքաղաքական եւ վերկուսակցական  լինելը` գործով ապացուցելով, որ  իր  խնդիրը  հասարակական կարգ ու կանոնի պահպանումն է, հանրային հավաքների մասնակիցների  անվտանգության ապահովումը: Միաժամանակ, ոստիկանությունն օրինահարգություն է պահանջում  բոլորից` հիմնվելով օրենքի պահանջի եւ հասարակական շահի առաջնահերթության վրա: