Զարմանում եմ, որ այն քաղաքական գործիչները, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, ովքեր ոչինչ չձեռնարկեցին նախագահական ընտրությունների ժամանակ երկրում իրավիճակը փոխելու համար, հիմա գնահատականներ են տալիս իմ քայլերին: Այս մասին, այսօր՝ ապրիլի 29-ին, մամուլի ասուլիսում նշել է Հայաստանի նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Ինձ համար անհասկանալի են ՕԵԿ-ի համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Երիցյանի հայտարարությունները՝ Արմեն Մարտիրոսյանի հետ իմ ձեռքսեղմումով նկարի վերաբերյալ: Փոխանակ իրենց սխալների մասին խոսելու, քննադատում են մյուսներին»,-ասել է Հովհաննիսյանը՝ խորհուրդ տալով քաղաքական գործիչներին ավելի համեստ լինել իրենց հայտարարություններում ու գնահատականներում:

Ընդդիմադիր առաջնորդի խոսքով՝ իր հասցեին քննադատություն է հնչում հատկապես ապրիլի 9-ի ընդդիմադիր բողոքի գործողություններից հետո: «Հասկանում եմ, որ այդ օրը չիրականացան շատ մարդկանց երազանքները, որոնց նպատակն այդ օրը հեղափոխություն ու արյունահեղություն իրականացնելն էր: Հնարավոր է, այդ օրը բողոքի ակցիաները լավ կազմակերպված չեն եղել, սակայն կարեւոր է, որ արյուն չթափվեց»,-ընդգծել է «Ժառանգության» ղեկավարը:

Նա նաեւ վստահություն է հայտնել, որ նախագահական ընտրությունների արդյունքները կեղծած իշխանությունները 5 տարի չեն դիմանա, եթե ժողովրդի կյանքի բարելավմանն ուղղված քայլեր չձեռնարկեն:

Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am