Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Նաիրա Ավետիսյանի նախագահությամբ, այսօր` ապրիլի 29-ին, հրապարակել է «Ժողովուրդ» օրաթերթի` ընդդեմ «X գրուպ» ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի գործով դատական վճիռը: Լրատվամիջոցի հայցը չի բավարարվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Սոնա Գրիգորյանը:

Նա նշեց, որ լսելով, որ հայցը մերժվում է, բոյկոտել են նիստը` լքելով դահլիճը: Լրագրողը վճռական է տրամադրված, պատրաստվում են հասնել նրան, որ Խաչիկ Խաչատրյանը անպատիժ չմնա:  «Քանի որ Խաչիկ Խաչատրյանը օլիգարխ է , ունի փող, դատավորը որոշեց բավարարել օլիգարխին, չնայած նրան, որ մենք ձայնագրություն էինք ներկայացրել, որտեղ Խաչիկ Խաչատրյանը վիրավորել է ինձ: Այսինքն` դատավորը գտնում է, որ օլիգարխին բավարարելն ավելի կարեւոր է, քան թե լրագրողի իրավունքները պաշտպանելը: Սա նշանակում է, որ այսուհետ ցանկացած օլիգարխ կարող է լրագրողին վիրավորել եւ մնալ անպատիժ»,- ասաց Սոնա Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը դատական հայց էր ներկայացնել գործարար Խաչիկ Խաչատրյանի դեմ` օրաթերթի լրագրող Սոնա Գրիգորյանին վիրավորելու եւ նրա հասցեին հայհոյախառն արտահայտություններ անելու համար եւ պահանջելով հրապարակային ներողություն խնդրել:

«Ջրաշխարհ»-ի, «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա»-ի, «Արաքս» թռչնաֆաբրիկայի, «Վալենսիա» համալիրի, «Ակվատեկ»-ի, «10-ից 10» հրաձգարանի, «Կլայկ», «M&Տ» կահույքի խանութների ցանցի, Սևանի ափին գտնվող «Գեղամա» հանգստի գոտու, «Վիլլաշին» շինարարական ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանը, «Ժողովուրդ» օրաթերթի երիտասարդ լրագրողուհուն անվանել է «պրաստիտուտկա»` իրեն ուղղված ոչ այնքան ցանկալի հարցին ի պատասխան:

«Դե գրի, ազիզ ջան, գրի, ցավդ տանեմ, Ես, ընդհակառակը, ուրախ եմ, որ իմ մասին գրում են, թե չէ մարդու տեղ չեք դնում, ո՞նց կլինի ըտենց: Ազիզ ջան, դու լրագրող չես, դու պրաստիտուտկա ես, էդ էլ կարաս գրես»,-իր մեջ կուտակված հակասական զգացմունքները պոռթկացրել է Խաչիկ Խաչատրյանը: